Քաղաքականություն

Հանրությանը պետք է պատասխանեք, թե ինչպես ենք շարունակում գործունեությունը «ՀՀԿ-ական կեղծարարների» ներգրավվածությամբ. Դ. Խաժակյանը՝ Հայկ Մարությանին

Այսօր Երևանի ավագանու նիստին «Լույս խմբակցության» ղեկավար Դավիթ Խաժակյանը արտահերթ ելույթով հանդես եկավ և ներկայացրեց Ավան վարչական ղեկավարի տեղակալ Սամվել Ղումաշյանի կենսագրությունից որոշ հատված՝ նշելով, որ նրա կենսագրականը Երևանի կայքում դեռևս չկա:

«Ես կփորձեմ ներկայացնել նրա կենսագրականից մի քանի դրվագ, որ կարևոր եմ համարում, որ հանրությունը տեղեկանա: Քանի որ վերջերս լրատվամիջոցների տեղեկատվությունը հերյուրանք է համարվել, ես որոշեցի օգտվել «Հայկական Ժամանակ» թերթից: 2018 թվականի չորրորդ ամսին թերթում հրապարակեց մի հոդված, որտեղ նշված էր, թե Ավանում ջարդել են երթի վերջից գնացող 150-180 հոգու մեքենաները, ծեծել երիտասարդներին»,-ասաց նա և նշեց, որ ըստ հոդվածի՝ դա եղել է Սամվել Ղումաշյանի հանձնարարությամբ:

«Մի դրվագ ևս հիշեցնեմ, քանի որ ինստիտուցիոնալ հիշողությունը կարծես չի պահպանվում. 2017 թվականին մայիսի ընտրություններին երկու ընտրատեղամասերի  դիմաց այդ ամբողջ գործընթացը կազմակերպող անձ էր հանդես գալիս, այս դեպքում կօգտագործեմ «ընտրական կազմակերպիչ» բառակապակցությունը: Այդ անձն իրականացնում էր ընտրությունների կազմակերպման գործընթացը, որը դարձել էր ՀՀԿ-ի գործելաոճը: Իմ պրակտիկայում մի դեպք չի եղել, որ մի տեղամասի համար մի քանի անգամ ոստիկանություն հրավիրվեմ, անձամբ եմ ցուցմունք տվել»,-ասաց նա և նշեց, որ խոսքը կրկին Սամվել Ղումաշյանի մասին էր, և ինքը չէր պատկերացնի, որ Սամվել Ղումաշյանը կշարունակեր գործել նոր իշխանության օրոք:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ թեև պահպանված են այն կադրերը, երբ նա փորձում է հեռախոս խլել, կռիվ հրահրել, բայց Ավան վարչական շրջանի ղեկավարը հերքել է Սամվել Ղումաշյանի մասնակցությունը այդ ամենին:

«Նա ներգրավված է եղել Հանրապետական կուսակցության ընտրությունների կազմակերպման ընթացքում:  Կածում եմ, որ հանրությանը պետք  պատասխանեք, թե ինչպես ենք շարունակում մեր գործունեությունը նման մարդկանց ներգրավվածությամբ»,-ասաց նա:

Արձագանքելով ասվածին՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորեց դիմել իրավապահ մարմիններին, և եթե կան կոնկրետ ապացույցներ այդ ուղղությամբ, աշխատանքներ տանել: «Երկրորդ՝ այսօր քաղաքապետարանի և թաղապետարանների վարչական շրջաններում կան աշխատող շատ մարդիկ, որ նախկին իշխանությունների ժամանակ են աշխատել, և կան մարդիկ, որոնց նկատմամբ կան հոդվածներ: Ավան վարչական շրջանի ղեկավարն ամենավերջինն է փոխվել: Գոյություն ունի համակարգի ընդունման-հանձնման պրոցես, որից հետո պարզ կդառնա՝ ով է մնում, ով՝ ոչ: Երբ այդ պրոցեսը կավարտվի, կլինեն փոփոխություններ: Եթե մեկն ունի խնդիրներ իր անցյալում և այս պահին աշխատում է, ուրեմն այս պահին պետք է նրա ծառայությունը, դա չի նշանակում, որ նա վաղը կամ մյուս օրը պետք է լինելու: Կոնկրետ ինձ համար, աշխատակազմի համար առաջին խնդիրը Երևան համայնքի հին համակարգից սահուն անցումն է նոր համակարգին,  այնուհետև փոփոխություններով գնալ լավացման»,-ասաց նա:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ կակնկալեր քաղաքական պատասխան քաղաքապետից, քանի որ իրավապահներին դիմելու ձևն ինքն էլ գիտի և արդեն դիմել է, թեև այս պահին ընթացքից տեղեկացված չէ. «Ձեր պատասխանը, որ անցնցում անցում պետք է լինի, դիսոնանս է առաջանում»,-ասաց նա և նշեց, որ եթե մտածեր, որ քաղաքապեետը կարդարացներ «ՀՀԿ-ական կեղծարարների» գործունեությունը քաղաքապետարանում, կտեղեկանար գործի մանրամասներին:

Հայկ Մարությանը շարունակեց և նշեց, որ տեղյակ է ամեն ինչից: «Վարչական շրաջանների աշխատանքները կառավարում է ղեկավարը, և ինքն է որոշում իր կադրային քաղաքականությունը, և ինչպես անցած իշխանությունների օրոք, մենք բոլոր գործառույթների մեջ չենք խառնվում»,-ասաց նա և կոչ արեց չշեղվել օրակարգից:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ մտքերի փոխանակման կետը բացակայում է օրակարգից և առաջարկեց հարց ու պատասխանն իրականացնել յուրաքանչյուր նիստի ժամանակ, քաղաքապետը հորդորեց ներկայացնել կանոնակարգի փոփոխությունների առաջարկ, իսկ մինչ այդ առաջարկեց հետևել կանոնակարգին:

Առնչվող Հոդվածներ