Հասարակություն
Հաշմանդամ զինծառայողների ընտանիքները նոր բնակարաններ են ստացել:


Երեւան: Մեդիամաքս: Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ծրագրի շրջանակում այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում տեղի է ունեցել հերթական նորակառույց բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությունը:
Նորակառույց շենքն ամբողջությամբ հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին: Անհատույց սեփականության իրավունքով տրամադրվող բնակարանների բաշխումը կազմակերպվել է թափանցիկ վիճակահանության միջոցով, որի արդյունքում շահառուներն իրենք են ընտրել իրենց բնակարանները:
Հանձնելով բնակարանների բանալիները եւ ռազմաքաղաքական ղեկավարության անունից շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մաղթել է երջանիկ օրեր նոր ու հարմարավետ բնակարաններում: