Քաղաքականություն

Հաջորդ տարի Երևանն սպասարկող 900 միկրոավտոբուսից 450-ը պետք է լքի ցանցը․ Հայկ Մարության

Գործադուլ չէր, այլ մեր քաղաքապետարանի ներքին, «ընտանեկան» հարց էր, որը  լուծվել է։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատակիցների և վարորդների բողոքի ակցիային՝ նկատելով, որ քաղաքապետարան իր ՓԲԸ-ներով մեծ ընտանիք է, որտեղ կարող են լինել տարաբնույթ խոսակցություններ։ Մարությանը համակարծիք չէ, որ ակցիան իր որոշման դեմ էր։

Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի աշխատակիցները և վարորդները երեկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով չեղարկել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից ազատելու որոշումը։

«Չեմ կարծում, որ իմ որոշման դեմ էր, քանի որ տնօրենն արդեն աշխատանքից ազատվելու դիմումը գրել էր, և մենք պետք է գլոբալ լուծում տանք։ Գիտեք՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն ունի 70 ավտոբուս, որը չի շահագործվում, բայց մենք պլանավորվում են մտցնել շահագործման՝ ի շահ մեր քաղաքացիների։ Ցանցի մեջ որոշակի փոփոխություններ կլինեն, և այդ ավտոբուսները կմտնեն շահագործման»,- ասաց նա։

Մարությանի խոսքով՝ 70 ավտոբուսից բացի կհամալրվեն նաև տրանսպորտային այն գծերը, որտեղ քանակի հետ կապված խնդիր կա։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու մինչև հիմա այդ ավտոբուսները չեն շահագործվել, արդյոք խնդիր ունեն, քաղաքապետը պատասխանեց․ «Այդ հարցն ինձ մոտ էլ է առաջացել, ավտոբուսները շատ լավ վիճակում են։ Քանի որ հիմա քաղաքային իշխանության ձեռքերը լրիվ ազատ են, ոչ մի կապվածություն չունեն ոչ մի բիզնեսի հետ, ոչ մեկի հետ որպես անհատ կամ կազմակերպություն, հանգիստ գործում են ի նպաստ մեր քաղաքացիների, և կարողանում են անել այն, ինչ չէին կարողանում անել առաջ»,- ընդգծեց Մարությանը։

Վերջինս, խոսելով Երևանի տրանսպորտային ցանցի արդիականացման մասին, շեշտեց, որ նախկին քաղաքային իշխանությունը  ոչ թե վերջնական կազմել էր ծրագիր այլ ծրագիրը կազմման գործըթնացում էր։

«Մի քանի օր առաջ բրիտանական ընկերությունը վերջնական արդյունքները ուղարկել է քաղաքապետարան։ Այս պահին մենք ուսումնասիրում ենք, նախկինում էլ, հիմա էլ նախնականով գնահատվել է 200-250 մլն ԱՄՆ դոլարի ծրագիր։ Չեմ կարծում, որ Երևան համայնքը կարողանա ինքնուրույն իրագործել այն, մեզ պետք է լինելու պետական օժանդակություն»,- նշեց քաղաքապետը։

Հայկ Մարությանը ցավով արձանագրեց, որ Երևանի տրանսպորտային ցանցը հասցվել է վերջին կետին՝ վատ իմաստով։ Նրա խոսքով՝ իշխանությունները տրանսպորտային ցանցի արդիականացումը ձգձգել են, ինչի արդյունքում տնտեսվարողը սպասել է ու չի արդիականացրել շարժակազմը։

«Գիտեք, որ օրենքով նախատեսվում է, որ միկրոավտոբուսները 15 տարի շահագործվեն, ավելին իրավունք չունեն։ Մյուս տարի 450  միկրոավտոբուս պետք է լքեն ցանցը, այն դեպքում, երբ օրական մոտ 900 ավտոբուս է սպասարկում Երևանը, այսինքն՝ ուղիղ կեսը չեն կարողանալու շարունակել աշխատանքները։ Ցանցը բերվել է ամենավերջին կետին։ Մենք այս պահին հրատապ փորձում ենք լուծել այս խնդիրը՝ փորձելով հասկանալ, թե ինչ կարելի անել։ Եթե մենք ասում ենք, որ մոտ 2 տարուց հետո կարող է նոր ցանցը լինել շահագործման մեջ, պետք է հասկանալ, թե ինչ պետք է արվի այս 2 տարվա ընթացքում»,- հավելեց Հայկ Մարությանը։

Առնչվող Հոդվածներ