Հասարակություն

Հարութն իմ ճանաչած ամենահայրենասեր մարդն էր, չափազանց համարձակ, համեստ և ռազմական գործի հմուտ մասնագետ. Նաիրի Սարգսյան (լուսանկարներ)

Հարութն իմ ճանաչած ամենահայրենասեր մարդն էր, չափազանց համարձակ, համեստ և ռազմական գործի հմուտ մասնագետ: Երկար տարիներ Սիրիայում ղեկավարել է հայաբնակ Հալեպի ինքնապաշտպանությունը:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Հարութը եկավ Արցախ։ Նա շրջում էր խրամատներում և արժեքավոր խորհուրդներ էր տալիս, օրինակ՝ ինչպես կահավորել կրակակետը, որ դիպուկահարի թիրախ չդառնան:

Հայաստանում հրթիռ էր նախագծում և արտադրում, որի փորձարկմանը վարչապետի հետ ներկա ենք եղել անցյալ տարի: Պատերազմ մեկնող տղաների հետ արագացված վարժանքներ էր անցկացնում զորամասերից մեկում։ Պատմում են, որ զորամասի շտաբի պետը հեռվից հետևել է գետնի վրա վարժություններ անող տղաներին և այնպես ոգևորվել Հարութի եռանդով, որ մոտեցել է նրան և հարցրել՝ կարելի է՞ ես էլ ձեզ հետ մարզվեմ, և միացել է վարժանքներին:

Հարութը զինվորական կոչում չուներ, բայց բոլորն իրեն հարգում և պատվի էին առնում: Դրոն վարելու դասընթացներ էր անցկացում, սովորեցնում ինչպես անտառում հայտնաբերել թշնամու ջոկոտներին, շրջափակել և ոչնչացնել: Նա մատը դնում էր գլխին և իր՝ սիրիացու հաճելի ակցենտով ասում` «Պետք է մեր միտքը օգտագործենք, միայն ավտոմատով չենք կարող հաղթել»:

Արցախ մեկնելիս ասաց, միայն թե անօդաչուի հարվածից չզոհվեմ, հասցնեմ խնդիր լուծել: Իրեն նվիրված մյուս սիրիահայ տղաների հետ մեկնում է հատուկ առաջադրանքներ կատարելու, շատ լուրջ հաջողություններ է ունենում, ոչնչացնում է հակառակորդի մեծաթիվ խմբերի, ապա հերոսի մահով զոհվում Շուշիում:

Հարություն Եղիայի Բանոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Երեկ նա իր ընկերների հետ թաղվեց Եռաբլուրում:

Առնչվող Հոդվածներ