Քաղաքականություն

Հարցազրույց պատգամավորի թեկնածուի հետ. Մերի Գալստյան

Թիվ 3` Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու է առաջադրվել Մերի Գալստյանը: Նրա հետ զրուցել ենք իր անելիքների, ծրագրերի և ակնկալիքների մասին:

Մեկնարկել է նախընտրական քարոզարշավըորպես պատգամավորի թեկնածու՝ ինչեք կարծում՝ կստացվի՞ ծրագրայինգաղափարական քարոզարշավ անցկացնել:

Ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր ուժերը ներկայացրել են իրենց ծրագրերը և այն գաղափարախոսական տեսլականը, որի ուղղությամբ նախատեսում են աշխատել օրենսդիրում: Կարծում եմ՝ քարոզարշավի հիմնասյուներից  պետք է լինի այդ ծրագրային դրույթները հնարավորինս հասանելի դարձնել յուրաքանչյուր քաղաքացու, ծանոթացնել իրենց  ծրագրերին, պատրաստ լինել հարցերին և, ինչու չէ, նաև քննադատությանը: Հանրությունը պետք է իրապես տեղեկացված լինի յուրաքանչյուր ուժի անելիքներին և պահանջատեր դրանց իրագործման նկատմամբ: Արդյունավետ կլինի այդ ուղղությամբ աշխատել, և հույս ունեմ, այդպիսով կունենանք իրապես ծրագրային և գաղափարախոսական քարոզարշավ:

Ո՞րն է Ձեր առաջնային ուղերձը ընտրողին՝ որպես ռեյտինգային ընտրակարգովառաջադրված թեկնածու:

Նախևառաջ ուզում եմ նշել, որ այս ընտրությունները մեր քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից են լինելու` վերջնական հանգրվանին հասցնելով այն բեկումնային փոփոխությունները, որ տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին: Առաջնային ուղերձս թերևս կլինի ամենայն պատասխանատվությամբ և լրջությամբ մոտենալ ընտրություններին` սկսած նախընտրական քարոզարշավից: Որպես «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու՝ ընտրողներին խնդրում և կոչ եմ անում հնարավորինս հանգամանորեն ծանոթանալ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների քաղաքական և մասնագիտական անցյալին, Ազգային ժողովում նրանց գործունեության հիմնական ուղղություններին, ոլորտներին, հնարավորության դեպքում հարցեր ուղղել և պարզաբանումներ ստանալ:

Ընտրատարածքումորտեղ Դուք առաջադրվել եքմեծ մրցակցություն է սպասվումինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

Կարող եմ ասել միայն, որ անելու եմ իմ ուժերի սահմաններում հնարավորը, որպեսզի թիվ 3` Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջաններն ընդգրկող ընտրատարածքի ընտրողներն առավելագույնս ծանոթ լինեն թե՛ իմ մասնագիտական գործունեությանը  և ԱԺ-ում իմ անելիքներին և  թե՛ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրին, որի իրագործման ուղղությամբ ամբողջ թիմով ենք աշխատելու, լինենք օրենսդիրում թե գործադիրում: Առհասարակ թիմային ոգին շատ բարձր է «Իմ քայլը» դաշինքի առաջադրած թեկնածուների մոտ, և դա շատ ոգևորող է:

Նոր ձևավորվող խորհրդարանից կան մեծ ակնկալիքների՞նչ եք կարծում՝ Ձեզ և Ձերթիմին կհաջողվի՞ նոր որակ բերել խորհրդարանեթե այոապա ինչպե՞ս:

Ես ակնկալում եմ, որ ընտրությունների արդյունքում ունենալու ենք որակապես նոր ԱԺ: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված են ինչպես հանրային քաղաքական փորձառու գործիչներ, այնպես էլ ոլորտային մասնագետներ, ովքեր հնարավորություն կունենան իրենց ներուժն իրացնել օրենսդիրում: Ինքս իրավաբան եմ և իմ գործունեությունը ԱԺ-ում ծավալելու եմ շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կառավարման ոլորտում:

Նաև կասկածներ ու մտահոգություններ կան քաղաքացիների շրջանումորանփորձներ են հայտնվելու ԱԺումինչն էլ ոչ թե կնպաստի խնդիրների լուծմանըայլհակառակը՝ կխորացնիԻնչպե՞ս կարձագանքեք:

«Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուների ցուցակում կան ինչպես փորձառու քաղաքական գործիչներ, այնպես էլ իրենց ոլորտում հաջողությունների հասած մասնագետներ, որոնք միգուցե քաղաքականության մեջ շատ փորձ չունեն, բայց ունեն կամք և նվիրվածություն` առավելագույնս ներկայացնելու և իրացնելու հանրության շահերն օրենսդիրում: Նույն քննադատությունը կար նաև այս անցումային կառավարության հասցեին, բայց մենք տեսանք, որ բալանսավորված մոտեցմամբ «անփորձների» մուտքը ոչ մի խնդիր «չխորացրեց»։ Միշտ էլ Ազգային ժողովում ընտրվելու են մարդիկ, ովքեր առաջին անգամ են ընտրվում և անփորձ են։ Դա մտահոգվելու առիթ չի կարող հանդիսանալ։ Հակառակը՝ ազատ և մրցակցային ընտրությունները ամեն հաջորդ անգամ հանգեցնելու են է՛լ ավելի պատրաստված ու գիտակ թեկնածուների և պատգամավորների։

Մի քանի կարևոր խնդիր նշեքորոնց կանդրադառնաքեթե հայտնվեքխորհրդարանում:

Մասնագիտական գիտելիքներս և փորձս պատրաստվում եմ ուղղել շրջակա միջավայրի պահպանման և բնական ռեսուրսների կառավարման օրենսդրական շրջանակի բարեփոխումներին: Կցանկանայի, որ Հայաստանն ունենար բնական ռեսուրսների կառավարման հստակ և արդիական մոտեցումներով հայեցակարգ, ռազմավարություն: Մասնավորապես, հանքարդյունաբերության ոլորտում էական բարեփոխումների անհրաժեշտություն ունենք` անցում կատարելով ընդերքօգտագործումը` որպես  ինդուստրիալ ճյուղ դիտարկելուց դեպի բնական ռեսուրսների կառավարման ենթակա գործունեություն: Իսկ ռեսուրսների  կառավարումն ունի իր օրինաչափությունները, սկզբունքները, որոնք մշակվել են` հիմնվելով ինչպես տեսական գիտական բազայի, այնպես էլ բազմաթիվ երկրների հաջողված և ձախողված փորձի վրա: Ընդերքի օգտագործումը անմիջականորեն փոխկապակցված է երկրի սոցիալական, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական և, այո՛, նաև քաղաքական կառավարման ոլորտների հետ։ Անհրաժեշտ է հստակ հասկանալ այդ փոխկապակցվածության շրջանակները և հավասարակշռված որոշումներ  կայացնել` ի շահ բոլորի: Կարծում եմ, որ դեռ անելիքներ ունենք այս ուղղությամբ` հատկապես հաշվի առնելով «Իմ քայլը» դաշինքի ծրագրային  դրույթներն ու բարեփոխումների  օրակարգն այս ոլորտներում:

Ո՞ր ուժն է «Իմ քայլը» դաշինքի հիմնական մրցակիցըքարոզարշավի մեկնարկը թույլ էտալիս կարծել՝ հիմնական թիրախը ՀՀԿն է:

Մրցակիցներին գնահատականներ չէի ցանկանա տալ: Կարող եմ միայն ասել, որ  ՀՀԿ-ին որպես մրցակից չեմ տեսնում: Կուզենայի, որ քաղաքացիները կատարեն գիտակցված ընտրություն` հիմնվելով իրենց արժեքների, անցյալից քաղած դասերի և  մեր երկրի զարգացման հեռանկարների վերաբերյալ իրենց պատկերացումների վրա: Մեր հիմնական թիրախը ազատ և արդար ընտրությունների անցկացումն է, ժողովրդավարության և իրապես առողջ քաղաքական համակարգի կայացումը, իր ապագային վստահ նայող, արարող ու երջանիկ անհատներից կազմված հանրության ձևավորումը։

Առնչվող Հոդվածներ