Հասարակություն

Հեղափոխությունը չի կարող ավելի մեծ հաղթանակ համարվել, քան Արցախյան ազգային ազատագրական պայքարն է. Վ. Բալասանյանը՝ Ս. Միքայելյանի հայտարարության մասին

Արցախի հերոս, գեներալ–մայոր Վիտալի Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Սասուն Միքայելյանի կողմից այսօր հնչեցված արտահայտությանը, որում նա նշել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»:

Մասնավորապես, Բալասանյանի հայտարարության մեջ ասված է.

«Ցավով պետք է արձանագրեմ այն, ինչ տեղի է ունենում Մայր Հայրենիքում:

Արցախյան ազգային ազատագրական պայքարը, որի հիմքը վերջապես դրվեց 1988 թվականին, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում ապրող մի ամբողջ ժողովրդի հաղթանակն է: Արցախի Հանրապետությունը համայն հայության ձեռքբերումն ու հպարտությունն է: Առավել քան զարմանալի ու զայրույթ հարուցող է, որ այս օրերին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, այն շահարկվում ու նսեմացվում է, ի նպաստ ինչ-որ կուսակցական շահերի:

Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած, դրա դաժանություններն ու զրկանքները սեփական մաշկի վրա զգացած Սասուն Միքայելյանին ուզում եմ հիշեցնել, (համոզված եմ, որ «Սասուն ջոկատի» տղաները ևս համակարծիք չեն նրա հետ), որ Հայաստանում վերջին ժամանակներս կատարված հեղափոխությունը չի կարող ավելի մեծ հաղթանակ համարվել, քան Արցախյան ազգային ազատագրական պայքարն է, կամ առավել ևս՝ հայկական երկրորդ Հանրապետության կերտումը: Նմանատիպ հայտարարություններն առնվազն կասկածի տակ են դնում նման մարդկանց մասնակցությունը պետականաշինության գործին:

 

Ցավալի է, որ նման հայտարարությունները արվում են ՀՀ զինված ուժերի գերագույն հրամանատարի ներկայությամբ:

Սթափվե՛ք, տղանե՛ր»։

Նյութի աղբյուր Tert.am

Առնչվող Հոդվածներ