Հասարակություն

Հիմա գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ու անձամբ ես գնում եմ մեծագույն հիասթափությամբ ու սպասելիքների և ակնկալիքների համարյա զրոյական պաշարով:

<<Իրավունքի պատմության մեջ կա մի իմաստուն աքսիոմա. բացի այն դեպքերից, երբ վատ մտքերը ծնունդ են փչացած բնավորության, մարդը խուսափում է հանցագործությունից: Սակայն քաղաքակրթությունը մեզ հաղորդել է արհեստական պահանջներ, արատներ ու ցանկություններ, որոնք երբեմն մեր մեջ խլացնում են բարու բնազդը և դեպի չարն առաջնորդում: Այստեղից հետևություն. եթե ուզում ես գտնել<< հանցագործին>>, փնտրիր այն մարդուն, որին կատարվածը (հանցագործությունը) կարող էր օգուտ բերել: Աշխարհում ամեն ինչ հարաբերական է. սկսած թագավորից, որը խանգարում է իր հաջորդին, մինչև գրագիրը, որը խանգարում է գերհաստիքային գրագրին: Երբ մեռնում է թագավորը, նրա հաջորդը ժառանգում է գահը, երբ մեռնում է գրագիրը, արտահաստիքային գրագիրը ժառանգում է նրա աշխատավարձը, որը նրան անհրաժեշտ է այնքան, որքան թագավորին իր միլիոնները: Ամեն մարդ, հասարակական սանդուղքի վերից մինչև վար, իր շուրջը գոյացնում է շահերի մի փոքրիկ աշխարհ՝ իր մրրիկներով ու կեռաձև ատոմներով: Որքան ավելի մոտ են վերին աստիճանին, այնքան այդ աշխարհները շատ են: Դա մի շրջաձև ձվածիր է, որն իր ծայրի վրա կանգնում է շնորհիվ հավասարակշռության կետի շուրջը լարախաղացություն անելու>>: Էս խոսքերի հեղինակը աբբա Ֆարիան է, կամ, ավելի ճիշտ, Ալեքսանդր Դյուման: Վերջին շրջանում ես ինձ բռնացրել եմ մի մտքի վրա, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում,որ պատահականություններ չեն լինում, իսկ քաղաքականության մեջ՝ առավել ևս: Քաղաքականության մեջ իրադարձությունների առումով ընդհանրապես բացառվում է պատահականության սկզբունքը: Հիմա մեր հեղափոխությունն է: Իմ կարծիքով հեղափոխության սկիզբը կարելի է համարել 1999 թվի հոկտեմբերի 27-ը, երբ ռոբերտ քոչարյանը անուղղակիորեն պատերազմ հայտարարեց հայ ժողովրդին: Դրան հաջորդեց 2000 թվի մայիսին Արամ Սարգսյանին պաշտոնից ազատելը: Իսկ ժողովրդին նա ուղղակի պատերազմ հայտարարեց 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո: Ամբողջ ընթացքը նկարագրելուց խուսափելու համար ուղղակի պիտի ասենք, որ քոչարյանն իր տխրահռչակ դիկտատուրայի ավարտն ազդարարեց 2008 թվի մարտի 1-ին՝ կրակոցով, ու հեռացավ: Սկսվեց սերժ սարգսյանական տասնամյակը, որն աչքի ընկավ համակարգի դեմ բողոքի ցույցերի աննախադեպ քանակով, ապստամբությամբ, ու դրանցից բխող ռեպրեսիաներով: Ամբողջ 10 տարի սերժ սարգսյանը իր համար արժանի իրավահաջորդի փնտրտուքների մեջ էր, ու վերջը չստացվեց: Դրա համար էլ կլանային համակարգում եկան ընդհանուր կոնսենսուսի, որ սերժ սարգսյանի իրավահաջորդը հենց սերժ սարգսյանը պիտի լինի, որովհետև չկար ալտերնատիվ: Էդ մասին անգամ Արամ Սարգսյանը բարձրաձայնեց ազգային ժողովում ապրիլի 17-ին, երբ սերժ սարգսյանին նորից վերարտադրում էին վարչապետի պաշտոնում: Հանուն դրա համակարգն անգամ գնաց սահմանադրական փոփոխությունների բարեփոխումներ կեղծանվան տակ: Սակայն ինչ ստացվեց իրականում:Ոչ ոք երևի չէր էլ սպասում, որ իրականում սերժ սարգսյանի իրավահաջորդը պիտի դառնար Նիկոլ Փաշինյանը: Ես կարծում եմ, որ շախմատիստ սերժ սարգսյանը վաղուց էր գծագրել այս սխեման, ու այստեղ առաջանում է մի հարց. Ում էր ձեռնտու այս հեղափոխությունը?: 1.Հայ ժողովրդին:2. Նիկոլ Փաշինյանին ու իր հետ քայլածներին: Եվ 3. Սերժ սարգսյանին: Այս կերպ նա չեզոքացրեց քոչարյանական վերահաս վտանգը, հեռացավ՝ իշխանությունը թողնելով հեղափոխական կուսակցությանը, և, որ վերջապես ամենակարևորն է, հեռացավ առանց արյունահեղության: Օգոստոսի 17-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը ամբիոնից հայտարարեց, որ հետայսու Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, և որ ժողովուրդն է հանդիսանում այն գերագույն մարմինը, որը պիտի որոշի, թե ով և ինչքան պիտի լինի իշխանության: Սա էն իշխանությունն էր, որի մասին ես երազել էի 16 տարի՝ սկսած 2002 թվականից: Սակայն հետոն այլ բան էր խոստանում: Մի բառով ասեմ…Հիասթափություն: Ցավոք սրտի: Հիմա գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ու անձամբ ես գնում եմ մեծագույն հիասթափությամբ ու սպասելիքների և ակնկալիքների համարյա զրոյական պաշարով: Իշխանությունը կամ <<հեղկոմը>> օր օրի կտրվում է ժողովրդից: Հեղափոխությունը դեռ չի ավարտվել, բայց հուսամ, որ այն չի կրի պերմանենտ բնույթ ու մի օր կավարտվի ու կավարտվի ժողովրդի հաղթանակով: Թող էս հարցում ես սխալվեմ, բայց թող հաղթի ժողովուրդը ու երկրում տնօրինի ժողովրդի կամքը…

Առնչվող Հոդվածներ