Հասարակություն

Հիվանդանոցը վաղվանից հեմոդիալիզի պարագաներ չի ունենա. տնօրենին հարցաքննել են ԱԱԾ-ում:

Դիալիզի պարագաներ ձեռք բերած բժշկական կենտրոնները լուրջ խնդրի առաջ են կանգնել։ Հայտարարված մրցույթը կասեցվել է, ենթադրյալ մեղավորները ձերբակալված են, ԱԱԾ-ում էլ քրգործ է հարուցված։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում երկարուձիգ հարցաքննությունների են մասնակցել նաեւ հիվանդանոցների տնօրենները։ ԱԱԾ-ում հարցաքննվել է նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը։ Այս հիվանդանոցը վաղվանից արդեն չի ունենա հեմոդիալիզի պարագաներ, եւ 65 հիվանդի կյանքի հարցը մնում է օդում կախված։

Հիվանդանոցի տնօրենը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ դիալիզի պարագաների գնման երկու տենդերները բողոքարկվել են բժշկության հետ կապ չունեցող անձանց կողմից, դրանք կասեցվել են։ Հիվանդանոցն այժմ իրավունք ունի արտահերթ արագընթաց մրցույթով գնել պարագաները նախկին մատակարարից առավելագույնը մեկ ամսվա համար։ «65 հիվանդ օրումեջ գալիս է մեզ մոտ դիալիզի, ամեն ինչ անում ենք, որ այդ հարցը այսօր լուծվի, խոստացել են, որ այսօր մենք կունենանք պարագաներ»,-ասաց տնօրենը։

Նշենք, որ ՊՎԾ-ն ստուգումներ էր արել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Վանաձոր» բժշկական կենտրոններում, որտեղ հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման մրցույթը տարիներ ի վեր շահել է «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր ՍՊԸ-ն։ Ստուգումներից հետո պարզվել էր, որ հայտարարված տենդերներում չարաշահումներ են եղել, այնպիսի չափորոշիչներ են եղել սահմանված, որ կարողացել է հաղթել միայն այդ գերմանական ընկերությունը։ Այդ ստուգումներից հետո չափորոշիչներ են փոխվել, այնպես, որ մրցույթը հասանելի լինի շատ կազմակերպություններին։ Այդ փոփոխությունների արդյունքում 8 կազմակերպություն կարողացել է մասնակցել բժշկական կենտրոններում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման մրցույթին, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ տենդերը շահել է նախկինում կահույքի արտադրմամբ զբաղվող «Զորաշեն» ՍՊԸ-ն։ ԱԱԾ-ն ձերբակալել է ՊՎԾ վարչության պետերից Սամվել Ադյանին, աշխատակիցներից Գեւորգ Խաչատրյանին եւ այդ ընկերության տնօրենին՝ Տարոն Ավետիսյանին։

Ըստ տեղեկությունների՝ ՊՎԾ վարչության պետը, ով նաեւ հիվանդանոցներում ստուգող հանձնաժողովի նախագահն է եղել, ամեն ինչ արել է, որ մրցույթը շահի հենց «Զորաշենը»։ Ադյանը, պարզվում է, ժամանակին աշխատել է այդ ընկերությունում, մտերիմ հարաբերություններ ունի ղեկավարների հետ, անգամ միասին նկարներ ունեն համատեղ քեֆ-ուրախություններից։

Առնչվող Հոդվածներ