Հասարակություն
ՀԾԿՀ նախագահը և Էներգետիկայի նախարարն ամեն ինչ անում են, որ բնակչությանը գազի խմ-ն 100 դրամով վաճառելու մեխանիզմը չհասնի վարչապետին. «Ժամանակ»:


««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս պահին կառավարությունում է գտնվում գազի և էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման մի հաշվարկ, ըստ որի գազը բնակչությանը կարելի է վաճառել խորանարդ մետրը 100 դրամով, ինչպես նաև էականորեն կարելի է նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Սակայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը, ով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի եղբայրն է, և ՀԾԿՀ նախկին աշխատակից, իսկ այժմ էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Գարեգին Բաղրամյանն անում են ամեն ինչ, որ այդ հաշվարկը չհասնի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և չքննարկվի կառավարությունում: Խնդիրն այն է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների ներկա հաշվարկի մեխանիզմը ներդրվել է դեռևս 2000թ., և եթե բացահայտվի, որ այն ի սկզբանե կեղծ է և սակագների գերուռճացման նպատակ է հետապնդել, որի արդյունքում հարստացել են ինչպես պետության առաջին դեմքերը, այնպես էլ գազամատակարարման, էներգամատակարարման համակարգի պաշտոնյաները, ինչպես նաև սակագին որոշող, այսպես կոչված, անկախ հանձնաժողովի ղեկավարները, ապա սա կարող է բերել բազմաթիվ մարդկանց նկատմամբ քրեական գործերի հարուցման՝ դրանից բխող հետևանքներով: Ըստ մեր աղբյուրի՝ քանի դեռ Բաղրամյանն ու Սողոմոնյանը նման բարձր պաշտոններ են զբաղեցնում, կոռուպցիոն բուրգի գլխին կանգնածները կարող են հանգիստ լինել, որ հանցագործ սխեման չի բացահայտվի, և սակագներն էլ կմնան անփոփոխ»:
