Հասարակություն

ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտկան կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին. հայտարարություն


Ապրիլյան պատերազմից 4 տարի անց ՝ հերթական անգամ արձանագրելով սեփական ապակառուցողական եւ ագրեսոր էությունը, Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին : Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Այս վճռական պահին Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը համերաշխության եւ միասնության կոչ է անում մեր բոլոր հայրենակիցներին` վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ կանգնելու հայրենիքի, պետության եւ հայ զինվորի կողքին:

Նենգ թշնամու կողմից պարտադրված պայքարում այլևս յուրաքանչյուրս մեր հայրենիքի պաշտպանն ենք: Մենք պարտավոր ենք սթափ գնաատել ստեղծված իրավիճակը եւ լինել մեր բանակի կողքին, նրա շարքերում, նաև ամուր թիկունք լինել` անկախ քաղաքական տարաձայնություններից:

Քանի որ հայրենիքն ամենաթանկն է եւ նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից:

ՀՀԿ-ն ներդնում է իր ողջ ներուժը, այդ թվում՝ փորձառությունն ու դիվանագիտկան կապերը՝ սատար կանգնելու Արցախի ժողովրդի անկախության սրբազան պայքարին:

Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում երբեք: Աստված պահապան մեր ժողովրդին եւ արդար պայքարին:

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:

Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։

Առնչվող Հոդվածներ