Հասարակություն

ՀՀ ներքին քաղաքականությունն արդարադատության ոլորտում՝ Կառավարության 2019թ. ծրագրի համատեքստում

Արդարադատության ոլորտը, թերևս, Հայաստանի անկախացումից ի վեր եղել է ամենախոցելի և խնդրահարույց ոլորտներից մեկը: Պետության ներքին քաղաքականության այս կարևոր բաղադրիչը ենթարկվել է ամենատարբեր փոփոխությունների՝ օրենսդրականից մինչև վարչական և կադրային, սակայն արդյունքները շարունակում են անբավարար լինել:

Ուստի 2019թ. ձևավորված նոր Կառավարության առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի արդարադատության ոլորտում իրական բարեփոխումների իրականացումը, առանց որոնց պետության ներքին քաղաքականությունը չի կարող հաջողել:

ՀՀ նորակազմյալ Կառավարությունը 2019թ. փետրվարին ներկայացրեց իր գործունեության ծրագիրը, որում արդարադատության ոլորտին վերաբերող գաղափարները դիտարկվում էին երկու մասով. առաջին՝ կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդ՝ օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը։ 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Ըստ ծրագրի՝ «Կառավարությունը համոզված է, որ հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է, հետևաբար կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական առաջնահերթություններից է, և այս պայքարում Կառավարությունը լինելու է վճռական, հաստատակամ, անզիջում և անհանդուրժող։ Առանձնահատուկ կարևորվում է կոռուպցիան ծնող պատճառների վերհանմանը և դրանց վերացմանը միտված գործողությունների իրականացումը»:

Հետաքրքրականն այն է, որ ըստ ծրագրի՝ Կառավարությունը պատրաստվում է պայքարել կոռուպցիայի դեմ ՀՀ օրենսդրության ընձեռած հնարավորությունների սահմաններում, միևնույն ժամանակ նույն ծրագրով խոստանում են օրենսդրական նորամուծություններ այս հարցի լուծման գործում։

Մասնավորապես ազդարարվում է նոր հակակոռուպցիոն կառուցակարգերի ստեղծման մասին։ Սա վերաբերելի է դատական իշխանությանն այնքանով, որ նախատեսվող նոր լուծումների թիրախը հանրային ծառայության մեջ գտնվող անձինք են, ինչպիսիք են նաև դատական իշխանության ներկայացուցիչները։

  • Ծրագրով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել հակակոռուպցիոն և շահերի բախման դեմ ուղղված նոր մեխանիզմ, ըստ որի` ՀՀ պետական պաշտոններ զբաղեցնող և դրանց հավակնող անձինք պարտավոր կլինեն լիազորել համապատասխան իրավասու մարմնին աշխարհի ցանկացած բանկում և այլ ֆինանսական կազմակերպություններում փնտրել ու ստանալ իրենց անունով հաշվեհամարների, ֆինանսական շարժերի, շարժական և անշարժ գույքի, արժեթղթերի մասին տեղեկատվություն: Այս կառուցակարգով փորձ է արվում կանխել և կանխարգելել պետական պաշտոնյաների օֆշորային գործառնությունները, որոնց շնորհիվ, ըստ մամուլում պարբերաբար հայտնվող տեղեկատվության, հայ շատ իշխանավորներ հաջողությամբ թաքցրել են իրենց եկամուտները և ֆինանսական միջոցները:
  • Կոռուպցիայի կանխարգելման և բացահայտման արդյունավետության ապահովման նպատակով Կառավարությունն առաջարկում է ընդլայնել պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրման՝ հրապարակման ենթակա տվյալների ցանկը։ Սա ևս շահերի բախման դեմ պայքարի ինստիտուտի փաստացի ընդլայնում է նշանակում, քանի որ հայտնի է, որ կոռուպցիոն սխեմաները հաճախ ներառում են ձեռքբերված անօրինական ակտիվները մերձավոր հարազատների անունով գրանցելը:
    Ի լրումն վերոգրյալի՝ Կառավարության ծրագրով նախատեսվում է հակակոռուպցիոն մարմնին օժտել կարևորագույն լիազորությամբ առ այն, որ այդ մարմինը ստուգի ՀՀ պետական պաշտոնի հավակնող անձանց բարեվարքության կանոնների պահպանումը, կոռուպցիոն իրավախախտումներում ներքաշված լինել կամ չլինելը և այս մասին խորհրդատվական բնույթի եզրակացություն տալ վերոնշյալ անձանց նշանակելու իրավասություն ունեցողին։
  • Ծրագրի համաձայն՝ Կառավարությունը կարևորում է մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որը կիրականացնի ուսումնասիրություններ, օժտված կլինի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմով:

Ակնկալվող նորամուծություններն առաջին հայացքից խոցելի չեն, չեն հետապնդում ակնհայտ հակաիրավական նպատակներ։ Սակայն փոքր-ինչ խորանալով կոռուպցիայի դեմ պայքարի հասկացության, ՀՀ-ում դրա իրականացման մեջ՝ պարզ է դառնում, որ դաշտը տարբեր, հաճախ իրար կրկնող, երբեմն՝ բացառող օրենսդրական ակտերով լցնելը չի ծառայել կոռուպցիան կանխարգելելու նպատակին։ ՀՀ-ում քանիցս ներդրվել են հակակոռուպցիոն համակարգեր: Իրականությունն այն է, որ կոռուպցիան նկատելի չափով կանխարգելված չէ։

Կցանկանայի առավել մանրամասն խոսել նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին։
Ընդամենը 2017թ. ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթը։ Այս իրավական հիմքով ՀՀ-ն շարունակեց իր պայքարն ընդդեմ կոռուպցիայի։ Ստեղծվեց հակակոռուպցիոն հանձնաժողով, ներդրվեց Ազդարարի ինստիտուտը, որը հանրությանը կոռուպցիայի դեմ պայքարին մասնակից դարձնելու միջոց էր։

Այսպիսով, սրանից մեկ տարի անց նախաձեռնել հակակոռուպցիոն նոր մարմնի ստեղծում, նշանակում է անհարկի ավելացնել պետական բյուջեից սնվող հիմնարկների թիվը։

Հարկ է նշել, որ այս հարցում Կառավարության մոտեցումը հակասական է, քանզի առաջարկելով նոր մարմնի և համակարգերի ստեղծում՝ նույն Կառավարությունը նույն ծրագրով Հանրային կառավարում բաժնում խոսում է պետական համակարգի ուռճացվածության, պետական տեսանելի և անտեսանելի մարմինների չարդարացված ծավալի, այս մարմինների՝ հարկ վճարողների համար բեռ լինելու մասին։
Փաստել անարդյունավետության առկայությունը և առաջարկել ավելացնել այն, անընդունելի է։ 

ՀՀ-ՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՆԵՐԿԱ ՊԱՏԿԵՐԸ

 Սույն համատեքստում հարկ եմ համարում համառոտ ներկայացնել ներկայումս ՀՀ-ում գործող կոռուպցիայի դեմ պայքարի ազգային համակարգը:

  • Գործում է Հատուկ քննչական ծառայությունը, որի «Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության» իրավասությանն է հանձնված պետական ծառայության դեմ ուղղված կոռուպցիոն հանցագործությունների քննումը,
  • ՀՀ Գլխավոր դատախազությունն ունի «Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն», որն իր ռեսուրսները կենտրոնացնում է նման հանցագործությունների քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնելով,
  • գործում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որի հիման վրա ստեղծվեց վերը նշված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենսդրական փաթեթով նախատեսված հակակոռուպցիոն մարմինը,
  • ՀՀ-ում ներդրված է Ազդարարի ինստիտուտը,
  • Ներկայումս գործող Հաշվեքննիչ պալատի իրավասության շրջանակներն ընդգրկում են բյուջետային և արտաբյուջետային միջոցների նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացումը։ Իրականացված ստուգումների արդյունքում Հաշվեքննիչ պալատն ընդունում է եզրակացություններ, որոնք Գլխավոր դատախազություն են ուղարկվում միայն համապատասխան անձի կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար տվյալների առկայության դեպքում։
  • ՀՀ կենտրոնական բանկի կազմում գործում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնը, որը զբաղվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման տեսանկյունից կասկածելի գործարքների բացահայտմամբ, դրանց իրականացման կանխմամբ և իրավապահ մարմիններին համապատասխան տեղեկատվության փոխանցմամբ:

Հարց է առաջանում՝ արդյո՞ք այս համակարգը բավարար չէ կառուպցիայի դեմ իրական պայքար ծավալելու համար, և արդյո՞ք նոր մարմինների ներդրումը չի հանգեցնի արդեն իսկ գործող մարմինների հետ ինստիտուցիոնալ բախման և լիազորությունների կրկնորդման, ինչի դեմ պայքարը ևս նոր Կառավարության առանցքային խնդիրներից է:

Կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարությունն ակնկալում է հանրային լայն արգահատանք դեպի կոռուպցիա։

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ՝ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ԲՈԼՈՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

 Կառավարությունը վստահ է, որ Հայաստանի Հանրապետության զարգացմանը և արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր և հաստատում է իր կամքն օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարությունն ապահովելու գործում:

Կառավարությունն արդարացիորեն արձանագրում է, որ կա անկախ դատական համակարգի անհրաժեշտություն, և նույնչափ արդարացիորեն ուրվագծում են դրան հասնելու եղանակները։ Դրանք են՝ դատավորների մասնագիտական ունակությունների բարձրացում, դատավորների գործունեությանը միջամտելու անթույլատրելիություն, դատավորների կողմից կոռուպցիոն իրավախախտումներում ներգրավված լինելու բացառում։ Կարճ մեկնաբանեմ յուրաքանչյուրը։ 

Կրթական խնդիրները՝ որպես անկախ դատական համակարգի խոչընդոտ

ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է կրթության իրավունքը որպես յուրաքանչյուր մարդու և քաղաքացու հիմնարար իրավունք։ Ինչ վերաբերում է բարձրագույն մասնագիտական կրթությանը, ապա վերջինս ՀՀ-ում վճարովի է՝ բացառությամբ օրենքով սահմանված սակավ դեպքերի (կապված կոնկրետ ֆակուլտետներում պետության կողմից հատկացված որոշակի թվով անվճար տեղերի հետ)։ Այս փաստն էականորեն ազդում է ուսանողների և ապագա մասնագետների քանակի ու որակի վրա։

Կառավարությունն այս համատեքստում կարևոր է համարում դատավորների մասնագիտական ունակությունների բարձրացմանն ուղղված ջանքերի գործադրումը։
Կառավարությունն ազդարարում է, որ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը:   

Կոռուպցիան և դատավորի գործունեությանը միջամտելը՝ որպես անկախդատական համակարգի խոչընդոտ

Կոռուպցիան սահմանվում է որպես պաշտոնատար անձանց կողմից սեփական շահերի համար հանրային շահի օգտագործում, ինչը տեղի է ունենում պատասխանատվության, թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմների բացակայության դեպքում:
Ինչպես արդեն նշվեց, ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դատավորն անկախ է, անաչառ, գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ ՀՀ Դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն էլ դատարանը գործը կամ հարցը քննում և լուծում է Սահմանադրությանն ու օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ: Այս երկու նորմերը դատավորի և դատարանի անկախության սկզբունքի օրենսդրական ամրագրումն են։ Սրանք, բնականաբար, ապահովված են պետական հարկադրանքով։ Պետությունն արգելել է դատավորի մասնագիտական գործունեությանն օրենքով չնախատեսված միջամտությունը։ Մասնավորապես, ՀՀ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, դատավորին զրպարտելու, կաշառքի պրովոկացիայի, կաշառք տալու համար։ Նշված հանցագործությունների համար որպես պատիժ նախատեսված է նաև ազատազրկումը՝ ՀՀ պատիժների համակարգում ամենածանր համարվող պատժատեսակը։

Չնայած դրան՝ ՀՀ-ում հարուցվում և քննվում են դատական համակարգում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործեր։ Թեև այս մասին Արդարադատության նախարարությունը որևէ վիճակագրություն չի ներկայացնում, այնուամենայնիվ, այս հարցը լայնորեն լուսաբանվում է ԶԼՄ-ների կողմից, արժանանում է նաև տեղական ու միջազգային կազմակերպությունների ուշադրությանը։

Այսպես, 2015թ. Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ GRECO-ն, ուսումնասիրելով Հայաստանի խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիոն ռիսկերը, 18 հանձնարարական էր տվել Կառավարությանը։ GRECO-ի գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանում, ի տարբերություն այլ երկրների, հիմնականում ուշադրություն են դարձրել դատական համակարգի վրա, քանի որ հենց այս ոլորտին են անհրաժեշտ բարեփոխումները։ Նշենք նաև, որ ​GRECO-ի հրապարակված զեկույցում նշվում է, որ Հայաստանը 2016թ. հաջողությամբ իրականացրել է կառույցի բոլոր հանձնարարականները կոռուպցիայի քրեականացման և քաղաքական ֆինանսավորման թափանցիկության մասին:

Կառավարությունը խոստանում է միջոցներ ձեռնարկել նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների պատշաճ կատարումն ապահովելու գործուն մեխանիզմների ներդրման ուղղությամբ:

Այս մասում, իմ գնահատմամբ, քննադատելի են հետևյալ դրույթները.

  • Ըստ ծրագրի՝ օրենքի առջև բոլոր մարդկանց հավասարության խնդիրը լուծելու առանցքային գործոնը Կառավարության քաղաքական կամքն է։ Այնինչ 21-րդ դարում քաղաքակիրթ աշխարհում օրենքի առջև բոլորի հավասարության ամրագրումն ու ապահովումը հանդիսանում են պետության պոզիտիվ պարտականությունը, ոչ թե Կառավարության բարի կամքի դրսևորումը։
  • Ըստ ծրագրի՝ Կառավարությունը վայելում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ակնհայտ մեծամասնության վստահությունը և հանդես է գալիս նրանց անունից, այնինչ անկախ խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժի ստացած քվեներից Կառավարությունը պարտավոր է և հանդես է գալիս բոլոր քաղաքացիների անունից։
  • Ըստ ծրագրի՝ Կառավարությունը մշակելու և կյանքի է կոչելու դատաիրավական բարեփոխումների ծրագիր, որը ներառելու է միջոցառումներ դատական համակարգի մատչելիության և արդյունավետության ապահովման ուղղությամբ։ Այնինչ ՀՀ-ում երբևէ իրականացված երեք դատաիրավական բարեփոխումների ծրագրերից երրորդը դեռևս ընթացքի մեջ է, արդյունքներն ամփոփված չեն, սխալների վերլուծություն և նոր լուծումների ուսումնասիրություն արված չէ։

 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

  • Որպես վեր հանված խնդիրների լուծումներ առաջարկում եմ չընդունել միմյանց կրկնող, նույն ոլորտը տարբեր ձևերով կարգավորող օրենքներ, փոխարենը՝ օգտագործել առկա օրենսդրության ողջ ներուժը։
  • Այնուհետև արդարադատության ոլորտը չծանրաբեռնել պետական բյուջեից սնվող մարմիններով, արդարադատության իրականացման բացառիկ լիազորությունը թողնել դատարաններին։
  • Եվ վերջում, հաշվի առնել, որ արդարադատության ոլորտը լի է նաև քրեական, քաղաքացիական ոլորտների խնդիրներով, ուստի հարկ է ուշադրություն դարձնել նաև այս ոլորտներին և կոտրել այն տխուր պրակտիկան, որ խորհրդարան մտած յուրաքանչյուր քաղաքական ուժ իր «ճիտին պարտքն» է համարում փոփոխել միայն Ընտրական, երբեմն՝ Հարկային օրենսգիրքը։

Սույն հոդվածի թեզերը զեկուցվել են փետրվարի 23-ին տեղի ունեցած ՄԱՀՀԻ IV երիտասարդական ֆորումում:

Մարիամ  Զաքարյան
Ժողովրդավարության XIV դպրոցի շրջանավարտ
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Առնչվող Հոդվածներ