Ռազմական

ՀՀ ՊՆ-ի՝ վերջին տարիներին ձեռք բերած զինտեխնիկան և դրա արդյունավետությունը

Վերջին օրերին համացանցում լայն տարածում գտան լուրերն այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն վերջին երկու տարում կատարել է անարդարացված բազում գործարքներ, որոնց արդյունքում Հայաստանը շուկայականից թանկ գներով ձեռք է բերել կամ անորակ ու հին, կամ ոչ պետքական զենք և զինամթերք: Նշվում է, որ գործարքները հիմնականում կնքվել են հայազգի գործարար Դավիթ Գալստյանի հետ՝ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և փոխնախարար Մակար Ղամբարյանի հովանու ներքո և ունեցել են «կոռուպցիոն բնույթ»:

Հասկանալու համար ներկայացված «մեղադրանքների» իսկությունը InfoPort.am-ը զրուցել է պաշտպանական համակարգում իր աղբյուրների հետ:

-Մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ ՊՆ-ն գնել է մեծ քանակությամբ 23 մմ փամփուշտներ, սակայն, ըստ այդ նույն լուրերի, դրանք հայկական ԶՈՒ-ին ընդհանրապես պետք չեն․ ի՞նչ կասեք այդ մասին:

-Ասելու առանձնապես բան չկա, քանզի ռազմական ոլորտից հասկացող յուրաքանչյուր մասնագետ կփաստի, որ այդ տրամաչափի փամփուշտները կիրառելի են, ավելին՝ դրանց պահանջարկը ՀՀ ԶՈՒ-ում մեծ է:

-Ըստ այդ նույն լուրերի՝ ՀՀ ՊՆ-ն ձեռք է բերել նաև հակատանկային «Կոնկուրս» համալիրներ, որոնք, համաձայն նույն կարծիքների, էֆեկտիվ ու անհրաժեշտ միջոցներ չեն․ այս առիթով ի՞նչ կասեք:

-Դարձյալ պետք է չհամաձայնեմ ներկայացված կարծիքներին, քանի որ նշված համալիրները ավելի էֆեկտիվ են, քան նույն Fagot-ները և փոխկիրառելի են դրանց հետ: Ավելին՝ դրանց համատեղ կիրառումը Fagot-ների թռիչքի երկարությունը զգալիորեն ավելացնում է:

-Եվս մի տվյալ այդ շարքից` Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից գնել է 20 մմ զենիթային հրանոթներ, որոնք, ըստ նույն աղբյուրների, եղել են խոտան և անաշխատ վիճակում և նույնիսկ չեն էլ կիրառվել: Այս կապակցությամբ որևէ տեղեկություն ունե՞ք:

-Այո, ըստ իմ տվյալների, այդ համակարգերը ՊՆ-ն դեռ 1-1,5 տարի առաջ է ձեռք բերել մեծ քանակությամբ, և դրանք ոչ միայն խոտան չեն եղել, այլև լավագույնս դրսևորել են իրենց վերջին պատերազմում: Ավելին ՊՆ-ն և ՊԲ-ն մատակարար ընկերությունից փորձել են ձեռք բերել այդ համակարգերի նոր խմբաքանակ, քանի որ դրանք դրոնների դեմ պայքարում ամենաէժան և բավականին էֆեկտիվ միջոցներ են, սակայն, ըստ իմ տվյալների,  մատակարար ընկերությունը այլևս չի ունեցել այդ զինատեսակից:

-Դուք տեղյա՞կ եք՝ ՀՀ ՊՆ-ն հին արկեր առևտրային գործարքներով ձեռք բերու՞մ է, թե՞ ոչ, որովհետև, ըստ շրջանառվող լուրերի, ՊՆ-ն ձեռք է բերել հին արկեր, ընդ որում՝ նույնիսկ ավելի բարձր գնով, քան դրանց նոր տարբերակները` 1500 դոլար:

-Դա վստահորեն կեղծիք է` ՀՀ ՊՆ-ն երբեք հին արկեր չի գնել, դրանք տարիներ շարունակ մեզ նվիրաբերել է Ռուսաստանի ՊՆ-ն: Փաստացի տեղի է ունենում բացահայտ մանիպուլյացիա` փորձ անելով նվիրատվություն ստացած զենքը ներկայացնել որպես առևտրային գործարքի միջոցով գնված: Ինչ վերաբերվում է շրջանառվող 1500 դոլար գնին, ապա դա անհեթեթություն է, ՀՀ ՊՆ-ն բոլորովին նոր արկերը ձեռք է բերում նշված գնից մոտ 2,5 անգամ ցածր գնով:    

-Խոսքը 3,5 մլն դոլար փոխառության միջոցով գործարար Դավիթ Գալստյանից հին և անպիտան զենք գնելու մասին է․ այս առնչությամբ ի՞նչ կասեք:  

-Ըստ օրենսդրական նոր կարգավորումների՝ արտաբյուջետային միջոցներից այլևս հնարավոր չէ կանխավճարային եղանակով զենք գնել, ուստի, պատերազմի ժամանակ առաջացած զենք ձեռք բերելու ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով, որոշում է կայացվել զենքը գնել փոխառությունների միջոցով: Իսկ, ընդհանրապես, հասկացող մարդու համար մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե նշեմ, որ պատերազմի օրերին Հայաստանը զենք է գնել բոլոր հնարավոր միջոցներով` բյուջետային, արտաբյուջետային, փոխառությամբ, նվիրատվությամբ: Ձեռք են բերվել բոլոր այն զինատեսակները, որոնք հնարավոր է եղել ձեռք բերել` հին, նոր, ամեն տեսակի: Զինվել ենք՝ որքան հնարավոր է և ինչով հնարավոր է: Եվ այս առումով մանիպուլիացիաները առնվազն ազնիվ չեն,- հավելել է InfoPort.am-ի զրուցակիցը։

Առնչվող Հոդվածներ