Դատական գործեր

ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը. Նարեկ Սարգսյանը կալանավորվել է

ՀՀ վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2020 թ․ նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը՝ ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  

«Հաշվի առնելով նշված գործի հանդեպ հանրային հետաքրքրությունը՝ հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան, և նրան վերջնական մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով։ 

Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

2020թ․ հեկտեմբերի 9-ին նրա վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, և դատարանի հոկտեմբերի 19-ի որոշմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ։ 

Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել Նարեկ Սարգսյանի պաշտպանները, որը ՀՀ վերաքննիչ դատարանի 2020 թ․ նոյեմբերի 12-ի որոշմամբ բավարարվել էր մասնակիորեն՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր, Ն․Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 25մլն դրամի չափով։ 

ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել էր Վճռաբեկ բողոք, որն ամբողջությամբ բավարարվել է։ 

Դատական ակտի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն ուղարկվել է հետաքննության մարմնին, և Ն․ Սարգսյանը կալանավորվել է»,- գրել է գլխավոր դատախազի խորհրդականը:

Հիշեցնենք՝ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական զենք պահելու համար։

Քրեական գործի հարուցումից հետո հայտնի դարձավ, որ Նարեկ Սարգսյանը հեռացել է ՀՀ-ից: Նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: Իրավապահները պարզել էին՝ Նարեկ Սարգսյանը 2018 թվականի հունիսի 22-ին իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ մեկնել էր Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով, և մինչ Հայաստանը լքելը՝ իր թիկնապահի միջոցով ոմն Սերոբ Սահակյանին է փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին, իսկ արդեն հունիսի 25-ին իր թիկնապահի միջոցով Սահակյանին խնդրել էր իր բնակարանում գտնվող երկու ճամպրուկները տեղափոխել այլ վայր: ԱԱԾ հաղորդագրության համաձայն` այդ ճամպրուկներում հայտնաբերվել էին կոկային և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, 4 ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ՝ սպիտակավուն և սև հետքերով, կաթոցներ, որոնք ամենայն հավանականությամբ ծառայել են թմրանյութ օգտագործելու նպատակով և այլ իրեր:

Նարեկ Սարգսյանը 2018թ. դեկտեմբերին հայտնաբերվեց Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ու ձերբակալվեց: Ըստ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` Սարգսյանը ներկայացել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագրով՝ Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ Ձերբակալվելուց ուղիղ մեկ տարի անց Չեխիան բավարարեց Սարգսյանին Հայաստանին հանձնելու միջնորդությունը։

Առնչվող Հոդվածներ