Առողջություն/Բժշկություն

Հղիությունը դանդաղեցնում է ցրված սկլերոզի զարգացումը. հետազոտություն


Մելբուռնի Մոնաշի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտությունը, որին մասնակցել է 3 600 կին, ցույց է տվել, որ հղիությունը կարող է դանդաղեցնել ամենավտանգավոր հիվանդություններից մեկի՝ ցրված սկլերոզի զարգացումը։ Ինչպես գրում է Daily Mail-ը՝ հղում անելով JAMA Neurology ամսագրում հրապարակված հետազոտությանը, երբևէ հղի եղած կանանց մոտ ցրված սկլերոզը միջինում 3,3 տարի ուշ է զարգանում, քան այն կանանց մոտ, որոնք երբեք չեն հղիացել։ Ավելին՝ պարզվել է, որ հիվանդությունն առավելագույնս ուշ է զարգանում ժամանակին երեխա լույս աշխարհ բերած կանանց մոտ. այս կանանց մոտ այն ախտորոշվում է 3,4 տարի ուշ։

Մասնագետների խոսքով՝ սա շատ կարևոր բացահայտում է, քանի որ թույլ է տալիս փնտրել այս վտանգավոր նեյրոդեգեներատիվ հիվանդության զարգացումը դանդաղեցնող նոր արդյունավետ միջոցներ։ Օրինակ՝ ենթադրվում է, որ հետագայում ցրված սկլերոզով հիվանդ կանանց կարելի է տալ հորմոններ, որոնք օրգանիզմն արտադրում է հղիության ընթացքում։

Հետազոտության շրջանակներում գիտնականներն օգտվել են ցրված սկլերոզով հիվանդ ավելի քան 70 հազար մարդու տվյալներից։ Առայժմ մասնագետներին չի հաջողվել պարզել, թե ինչու է հղիությունը դանդաղեցնում հիվանդության զարգացումը, սակայն կա վարկած, որ նման ազդեցությունը պայմանավորված է որոշակի հորմոնների ազդեցությամբ։

Ցրված սկլերոզն անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ուղեկցվում է այնպիսի ախտանշաններով, ինչպիսին են շարժունակության կորուստը, տեսողության խանգարումները, քրոնիկ հոգնածությունն ու ուժգին ցավերը։ Հիվանդությունը պայմանավորված է լինում իմունային համակարգի գերակտիվությամբ, որը հարձակվում է նյարդերի միելինային թաղանթի վրա։ Ընդ որում՝ ցրված սկլերոզը երեք անգամ ավելի հաճախ է հանդիպում կանանց շրջանում։

Առնչվող Հոդվածներ