Պաշտոնական

«Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Տրանշ 1-ից ևս 2 մլն դոլարի վերադարձի հարց ունենք, սա նոր բացահայտում է. Հակոբ Արշակյան

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու Տրանշ 1-ից 2 մլն դոլարի վերադարձի հարց ունենք. այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Ըստ նրա՝ սա չի վերաբերում մայրուղու չարաշահումների հարցով արդեն իսկ հարուցված քրեական գործին: «Սա նոր բացահայտում է, և ինքը քրեական ընթացակարգ չի ենթադրում, ուղղակի համապատասխան ընթացակարգով 2 մլն-ի չափով գումարը հետ է գանձվելու»,- ասաց նախարարի պաշտոնակատարը և հավելեց, որ դեռևս քննությունն է տարվում:

«Որակին խիստ հսկողություն են ցուցաբերում: Տրանշ 1-ով և 2-ի ցեմենտի և խճի բետոնի փորձանմուշները ուղարկվել են Կանադա, արդյունքները լինելուն պես կկիսվենք ձեզ հետ»,-ասաց նա: Արշակյանը նշեց, որ ճանապարհաշինական ծրագրերի հետ կապված 18 թ-ին ի սկզբանե 6,4 մլրդ դրամ է հատկացած եղել, լրացուցիչ 2,5 մլրդ դրամ է հատկացվել: Մրցույթների արդյունքում շուրջ 2 մլրդը տնտեսվել է, պլանը 60 տոկոսով գերակատարվել է:

«Տնտեսված գումարներից 2,4 կմ հավելյալ կառուցվել է, և էլի կկառուցեինք, եթե եղանակային պայմանները թույլ տային, և 1 մլրդ դրամ էլ հետ ենք վերադարձնում պետբյուջե»,-ասաց նա: Հակոբ Արշակյանը նշեց, որ արդյունքում վերանորոգվել է 134 կմ ճանապարհ: «Անորակ աշխատանքի պատճառով շուրջ 300 մլն դրամի չափով կրկնակի աշխատանքներ և պահումներ են իրականացվել, 30 դեպքով ստիպել ենք՝ նորից ճանապարհն այդ հատվածներում կառուցեն»,-ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ 19 գյուղ, 16 դպրոց միացրել են միջպետական ճանապարհներով:

Առնչվող Հոդվածներ