Քաղաքականություն

«Հնարավոր է՝ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են». «Նեզավիսիմայա գազետա»-ի հոդվածը ԼՂ հակամարտության վերաբերյալ

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը հրապարակել է Արցախյան հակամարտության թեմայով «Լեռնային Ղարաբաղ՝ Անդրկովկասի վառոդե տակառ» վերտառությամբ ծավալուն հոդվածը, որի հեղինակը Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինն է:

Հոդվածագիրն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է հակամարտության ժամանակագրությունը՝ նկատելով, որ միջազգային իրավունքի ժամանակակից նորմերի տեսանկյունից սա տիպիկ դասական ու անլուծելի հակասություն է սահմանների անխախտելիության (հօգուտ Ադրբեջանի) ու ազգերի ինքնորոշման իրավունքի (հօգուտ Հայաստանի) միջև:

«Անկեղծ ասած՝ Ղարաբաղյան հակամարտության դեպքում կա որոշակի խորամանկություն. չէ՞ որ ԽՍՀՄ փլուզումն ամբողջովին խախտեց սահմանների անխախտելիության սկզբունքը՝ միևնույն ժամանակ իրագործելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Եվ այս դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ պետք է նախկին միութենական պետությունների սահմաններն անձեռնմխելի համարվեն: Առավել ևս, որ ԽՍՀՄ կոմունիստական իշխանություններն այդ սահմանները նկարել էին չափազանց կամայական կերպով»,-գրում է Խրամչիխինը:

Հեղինակի համար նաև տարօրինակ է այն փաստը, որ ԽՍՀՄ փլուզման հետևանքով միութենական պետությունները Խորհրդային Միության կազմից դուրս գալու անհերքելի իրավունք ունեին, մինչդեռ ինքնավար հանրապետություններն ու շրջանները միութենական պետությունների կազմից դուրս գալու իրավունքից զրկված էին:

«Այսպիսով, եթե պատմական համատեքստի տեսանկյունից Ղարաբաղյան հակամարտությունում արդարներ ու մեղավորներ փնտրելն անիմաստ է, ապա ԽՍՀՄ փլուզման համատեքստում ավելի արդար պետք է համարել հայերին: Ամեն դեպքում, նրանք ավելի հետևողական էին՝ հետևելով բացառապես ինքնորոշման իրավունքին:

Մինչդեռ Ադրբեջանը, անկասկած այդ իրավունքը ճանաչելով իր իսկ համար, Ղարաբաղին մերժեց այդ հարցում»,- գրում է Խրամչիխինը:

Այնուհետև հեղինակը ներկայացնում է՝ ինչպես է ծագել հակամարտությունը, ռազմական գործողությունների ընթացքն ու դրանց ելքը՝ նկատելով, որ ի պատասխան Ադրբեջանի գործողությունների հայկական կողմի հակահարձակումները գրեթե միշտ ավելի արդյունավետ ու հաջողված են եղել: Անդրադառնալով Օմարի լեռնանցքի մարտական գործողությանը՝ հեղինակը գրում է, որ դա վճռորոշ պահ էր ամբողջ պատերազմի համար:

«Արդյունքում պարզ դարձավ, որ Ադրբեջանը հաղթանակի որևէ շանս չունի»,-գրում է Խրամչիխինը՝ նշելով, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվի նյութական ու մարդկային կորուստներն անհամեմատ ավելի մեծ են եղել, քան Հայաստանինը:

Հոդվածի վերջում հեղինակը նշում է, որ երկու պետությունների ու ժողովուրդների միջև պահպանվում է փոխադարձ սուր ատելության մթնոլորտը, հակամարտության լուծմանն առնչվող նրանց դիրքորոշումները բացառում են մեկը մյուսի տարբերակները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դեռևս չճանաչված է, բայց գրեթե ամբողջովին ինտեգրված Հայաստանին: Ստեղծված «ստատուս-քվո»-ն միանգամայն ընդունելի է հայերի, սակայն միանշանական անընդունելի նավթային եկամուտների շնորհիվ ռազմական ներուժն ավելացնող ադրբեջանցիների համար:

«Այն, որ վաղ, թե ուշ Ղարաբաղի համար պատերազմը վերսկսվելու է, գրեթե կասկածի տեղիք չի տալիս: Իսկ այ դրա ելքը կանխատեսելը չափազանց բարդ է: Այնուհանդերձ՝ իրավիճակի սրման միտումը վերջին շրջանում ակնհայտ է: Հնարավոր է՝ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են»,-եզրափակել է հեղինակը:

Առնչվող Հոդվածներ