Աշխարհ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում տիրող իրավիճակի շուրջ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի մտահոգություն է հայտնել Պարսից ծոցում ստեղծված լարվածության շուրջ և Մերձավոր Արևելքում երկխոսության և խաղաղության կոչ է արել:

«Մտահոգությամբ հետևում եմ Պարսից ծոցում լարվածության աճին: Կոչ եմ անում բոլորին կիրառել դիվանագիտության գործիքները Մերձավոր Արևելքում բարդ հակամարտությունները կարգավորելու համար: Կրկին կոչ եմ անում միջազգային հանրությանը գործադրել բոլոր հնարավոր ջանքերը երկխոսությանն ու խաղաղությանն աջակցելու համար», — РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է քահանայապետը իտալական Կամերինո քաղաքում մատուցած պատարագից հետո: Կամերինոյում Հռոմի պապն այցելել է 2016-ին երկրաշարժից տուժած բնակիչներին:

Հիշեցնենք, որ Պարսից ծոցին Հորմուզի նեղուցով միացված Օմանի ծոցում հունիսի 13-ին հարձակում է իրականացվել երկու նավթատար լցանավերի վրա, որոնք բռնկվել են: Վնասված նավերի անձնակազմերը տարհանվել են: Կատարվածի համար ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին: Ի պատասխան՝ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են:

Առնչվող Հոդվածներ