ՀՔԾ-ն մերժել է Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում կազմակերպելու հնարավորությունը:

ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, որի գրավոր պատասխանը դեռևս չկա:

Այս մասին տեղեկանում ենք Սամվել Մայրապետյանի փաստաբանական թիմի տարածած մամուլի հաղորդագրությունից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Սամվել Մայրապետյանին:

Այնուհետև Սամվել Մայրապետյանի բուժումը Գերմանիայում շարունակելու նպատակով փաստաբանները դիմել էին ՀՔԾ, պատրաստվում են նաև գանգատ ներկայացնել ՄԻԵԴ:

«Սամվել Մայրապետյանը կարիք ունի շտապ բժշկական միջամտության Գերմանիայում՝ կյանքի ցուցումով: Մի շարք անվանի վիրաբույժներ, հրավիրված կոնսիլիումի արդյունքում, կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր չէ կազմակերպել ու տրամադրել մասնագիտացված բուժում, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում բացակայում է տրանսլյումինալ դրենավորման տեխնիկան»։ Ստեղծված իրավիճակում միակ ելքը Սամվել Մայրապետյանին շտապ կերպով Գերմանիա տեղափոխելն է:

Այն կլինիկայում, որտեղ նախկինում բուժվել է Սամվել Մայրապետյանը ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ շտապ կարգով համապատասխան բուժում ստանալու նպատակով։ ՀՔԾ-ից Մայրապետյանի փաստաբանին գրավոր չպատասխանելու պատճառը գուցե կայանում է նրանում, որ ՀՔԾ-ում նախատոնական տրամադրություն է, քանի որ պետական այս մարմինը փակ է մինչև 2019 թվականի հունվարի 8-ը։ Փաստորեն, այնպիսի պայմաններում, երբ անձի կյանքը վտանգի տակ է, ՀՔԾ-ում դիմումին ընթացք չտալու համար կարող են արդարանալ նրանով, որ քննիչները տոնում են Նոր Տարի և Սուրբ Ծնունդ կամ առնվազն՝ նախապատրաստվում տոներին։ Առավել զարմանալի է, երբ պետական այս իրավասու մարմինը, որը կոչված է իրականացնել հանրային ծառայություն, նույնիսկ հերթապահ աշխատակից չունի տոնական օրերին, որը իրավունք կունենա շտապ կարգով ընթացք տալ և պատշաճ ձևաչափով պատասխանել կյանքի ցուցում պարունակող նմանատիպ դիմումներին։ Նման հանգամանքում միակ հնարավոր ելքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է։ Հուսով ենք, որ ի պատասխան միջազգային այս ատյանի հաղորդագրությանը Նոր Հայաստանի նորաթուխ իշխանությունները չեն խնդրի նրանց սպասել մինչև հունվարի 8-ը՝ երբ ՀՔԾ պաշտոնատար անձինք տոներից կվերադառնան աշխատանքի։

Այսպիսով, եթե այդ խախտումների արդյունքում Սամվել Մայրապետյանի առողջությանը հասցվի անդառնալի վնաս և նրա կյանքը հայտնվի անխուսափելի վտանգի առաջ, դրա ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները»,- ասված է Մայրապետյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

Նմանատիպ գրառումներ