Քաղաքականություն

Ճանապարհային նշանները գողանում են և օգտագործում որպես թոնրի կափարիչ, հողագործական, ձնամաքրման բահ. Հակոբ Արշակյան

Երևանից մինչև Իրանի սահման ծրագիր ունենք, որ ժամանակակից ճանապարհային նշաններով ենք համալրում, շուրջ չորս հազար նշան պետք է տեղադրվեր, և արդեն մոտենում ենք այդ ծրագրի ավարտին: Այս մասին այսօր կառավարության նիստին ասաց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ այդ նշանները գողանում են:

«Մի յուրահատուկ փաստ ենք արձանագրել, որ այդ նշանները գողանում են և տարբեր  նպատակների ծառայեցնում: Մի քիչ ծիծաղելի կլինի, բայց որպես թոնրի կափարիչից մինչև հողագործական, ձնամաքրման բահ օգտագործում են»,-ասաց նա և նշեց, որ պետական միջոցներ են ծախսվում, և դա անվտանգության հարց է:

Վարչապետը հետաքրքրվեց, թե որքան գումար է ծախսվում դրա վրա, նախարարը պատասխանեց՝ մոտավորապես մեկ միլիոն դոլար:

«Եթե մենք մեկ միլիոն դոլարը ծախսում ենք, հետո պարզվում է, որ հարցը չի լուծվել և ստիպված էլի պետք է ծախսենք, դրանից հետո գողանում են և այդպես շարունակ: Դրա հետևանքով, պարզվում է, գումար չի գոյացել, որ մեկ վթարային շենքի խնդիր լուծենք, կամ թոշակը բարձրացնենք: Ես ուզում եմ հայրենակիցները այս շղթան հստակ պատկերացնեն՝ սկսած ՀԴՄ չվերցնելուց, չտալուց մինչև մնացած գլոբալ հարցերի լուծումը»,-ասաց վարչապետը և նշեց, որ այս շղթայի պատասխանատվությունն առաջին հերթին կառավարությանն է, բայց չի նշանակում, որ միակ պատասխանատուն կառավարությունն է:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նաև սա նկատի ունի, երբ ասում է՝ քաղաքացիները տնտեսական վարքագիծը պետք է փոխեն, դա նշանակում է, որ վնաս չպետք է տան:

www.tert.am

Առնչվող Հոդվածներ