Հասարակություն

ՃՈ պետն արձագանքում է քաղաքացիների քննադատությանը:

Երեւան: Մեդիամաքս: Վերջին օրերին սոցիալական ցանցերի բազում օգտատերեր դժգոհություն են հայտնում Երեւանում երթեւեկության անմխիթար վիճակով՝ շեշտադրելով չդադարող խցանումները, երթեւեկության կանոնների կոպտագույն խախտումները, արգելված վայրերում կայանումները:

Մեդիամաքսը խնդրել է Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ, գնդապետ Եգոր Կարապետյանին մեկնաբանել այդ քննադատությունը եւ ներկայացնել այն քայլերը, որոնք ձեռնարկվում են իրավիճակը կարգավորելու համար։

Խցանումները

Ներկայիս խցանումները պայմանավորված են հիմնականում երկու հանգամանքով։ Նախ՝ ավանդաբար Ամանորի նախաշեմին մարզերի բազմաթիվ բնակիչներ մեքենաներով գալիս են մայրաքաղաք առեւտուր անելու, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծում ճանապարհներին։ Սա ժամանակավոր երեւույթ է, որը առաջիկա օրերին կդադարի։

Երկրորդ հանգամանքը շատ ավելի կարեւոր է: 2018թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 19-ը ներառյալ Հայաստան է ներկրվել եւ պետական գրանցում ստացել 70 286 տրանսպորտային միջոց, որի զգալի մասը շահագործվում է Երեւանում։ Եվ այս թիվը շարունակում է աճել, մինչդեռ Երեւանի փողոցները եւ հատկապես կենտրոնը նախատեսված չեն նման թվով մեքենաների կուտակման համար։

Երթեւեկությունը կարգավորելու, այս փուլում խցանումները նվազագույնի հասցնելու նպատակով, դեկտեմբերի 12-ից մենք մարզերից Երեւան ենք գործուղել ՃՈ 20 կարգախումբ, որոնք հերթապահում են առաջին հերթին գերծանրաբեռնված փողոցներում, ինչպես նաեւ խոշոր շուկաների եւ առեւտրի կենտրոնների մոտ, որտեղ մեքենաների զգալի կուտակումներ կան։ Այնուամենայնիվ, ՃՈ մեքենաների եւ կարգախմբերի թվի ավելացումը միայն մասամբ կարող է լուծել խնդիրը։ Քանի որ մեքենաների թիվը շարունակում է աճել, անհրաժեշտ է գտնել ինժեներական լուծումներ, որոշ խաչմերուկներում պետք է էստակադաներ կառուցվեն, որպեսզի երթեւեկությունը տարբեր հարթություններում ընթանա անընդհատ, մի քանի խաչմերուկում էլ լուսացույցները պետք է փոխարինվեն շրջանաձեւ երթեւեկությամբ, որն ապահովում է մեքենաների անդադար երթ, ինչպես դա հաջողությամբ արվել է Երեւանի կարեւորագույն հանգույցներից մի քանիսում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Խախտումները

Շատերի տպավորությամբ, խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն անջատված են եւ չեն ֆիքսում խախտումները։ Մինչդեռ դա ամենեւին այդպես չէ, տեսախցիկներն երբեք էլ անջատված չեն եղել եւ արձանագրում են բոլոր խախտումները։ Կոպիտ խախտումների համար վարորդներն ենթարկվում են համապատասխան վարչական պատասխանատվության, իսկ մեղմ խախտումների համար առաջին անգամ զգուշացվում են, իսկ երկրորդ անգամ՝ տուգանվում։ Ինչ վերաբերում է ճանապարհային ոստիկանների արձանագրած խախտումներին, ապա միայն 2018թ. դեկտեմբերի 1-ից 20-ը ընկած ժամանակահատվածում մեր աշխատակիցները 1300-ով ավել արձանագրություն են կազմել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այսինքն՝ օրական կազմվում է 900-1000 արձանագրություն։

Տրանսպորտային միջոցների քանակի կտրուկ աճով պայմանավորված՝ ավելացել է նաեւ վթարների թիվը։ Արդյունքում մեր կարգախմբերի զգալի մասը ստիպված է լինում օրվա մի հատվածը նվիրել վթարների հետ կապված իրավիճակներին, մի մասն էլ զբաղված է երթեւեկի կարգավորմամբ ամենածանրաբեռնված հատվածներում, ինչը եւս մեզանից մեծ մարդկային ռեսուրս է խլում։

Մենք օպերատիվորեն արձագանքում ենք նաեւ սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից արձանագրած խախտումներին եւ անմիջապես պատասխանատվության ենթարկում կարգազանց վարորդներին։ ՃՈ-ն ողջունում է մեր համաքաղաքացիների սրտացավությունը եւ շնորհակալ է նրանց ։ Թափանցիկության քաղաքականության շրջանակներում դեկտեմբերի 28-ին առավոտյան ժամը 07:30-ին հրավիրում ենք քաղաքացիական հասարակության մտահոգ ներկայացուցիչներին մեր շարժակազմերի հետ միասին հերթապահության մեկ ամբողջ օր անցկացնել եւ համոզվել, որ ՃՈ աշխատակիցներն անում են ամեն հնարավորը երթեւեկությունը կարգավորելու համար։

Վառելիքը

Մենք ծանոթ ենք այն հրապարակումներին, որտեղ որպես ՃՈ «անգործության» պատճառ նշվում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր շարժակազմին հերթապահության համար հատկացվում է 10 լիտր բենզին, որը սպառվելուց հետո նրանք ստիպված են դադարեցնել աշխատանքը։ Նման խնդիր գոյություն չունի։ Նախ, մեր մեքենաները չեն գտնվում շարժման մեջ ամբողջ հերթապահության ընթացքում։ Անհրաժեշտության դեպքում, հատկապես ուժեղացված ծառայության օրերին, մենք ավելացնում ենք հատկացվող վառելիքի քանակը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Բալային նոր համակարգը

2019թ. հունվարին մտադիր ենք հանրությանը ներկայացնել մեր մշակած՝ խախտումներին արձագանքման նոր բալային համակարգը, որը հիմնված է եվրոպական լավագույն փորձի վրա։ Համակարգի հիմնական նպատակը չարամիտ խախտողների դեմ պայքարն է, որոնք համակարգի ներդրման արդյունքում կզրկվեն վարորդական իրավունքից եւ վարչական պատասխանատվության կենթարկվեն։ Այս համակարգի հետ մենք մեծ հույսեր ենք կապում։ Եթե մեր մշակած ծրագիրն արժանանա կառավարության եւ Ազգային ժողովի հավանությանը, այն կներդրվի 2019թ. երկրորդ կեսին եւ տեսանելի արդյունքների կհանգեցնի։

Աշխատանքը տոնական օրերին

Դեկտեմբերի 22-ից մենք անցել ենք ուժեղացված ծառայության, որը չի դադարելու մինչեւ տոնական օրերի ավարտը։ Ոստիկանության պետի հրամանի համաձայն, տոնական օրերին մենք շատ խիստ ենք վարվելու հատկապես ոգելից խմիչքներ օգտագործած վարորդների նկատմամբ։ Նրանք ենթարկվելու են վարչական պատասխանատվության, իսկ նրանց մեքենաները պարտադիր տեղափոխվելու են տուգանային հրապարակ։ Այնպես որ, խորհուրդ եմ տալիս ռիսկի չդիմել եւ ալկոհոլ օգտագործելուց հետո ղեկին չնստել։

Առնչվող Հոդվածներ