Հասարակություն

Մանեի եւ «դպրոցի ապերիկ» Արեգի ժեստերով խոսքն ու երգը (ՏԵՍԱՆՅՈՒԹ):

— Տան քուրիկ ու ապերիկ չունեմ, իսկ Արեգը դպրոցի իմ ապերիկն է: 

 

5 տարեկան Մանեն թեեւ մանկապարտեզ է հաճախում, բայց դպրոցում իր համար ընկեր է գտել: Մանեի «դպրոցի ապերիկը» 6 տարեկան Արեգն է: Մանեի համար Արեգն է տարբեր, Արեգի համար՝ Մանեն:

 

Գյումրիի տարբեր թաղամասերում ապրող Մանեն ու Արեգը ծանոթացել են թիվ 31 դպրոցում, որտեղ առաջին դասարանում սովորում է Արեգը, իսկ Մանեի մայրիկն էլ աշխատում է:

 

-Մաման լոգոպեդ է աշխատում, լոգոպեդը սովորեցնում է բալիկներին խոսել, Ռ-ը տառը ասել,- ասում է Մանեն ու ավելացնումն, որ մեծանա, ինքն էլ է մամայի նման լոգոպեդ դառնալու:

 

Բայց Մանեն չի սպասել մինչեւ կմեծանա ու կմասնագիտանա, մայրիկի հետ հաճախ է գալիս դպրոց, օգնելու ու կարեկցելու ցանկությամբ դարձել է դպրոցի «արտահաստիքային թարգմանիչը»:

 

Մանեն եւ ԱրեգըՄանեն եւ ԱրեգըԼուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

 

5 տարեկան Մանեն Արեգի միակ հասակակիցն է, որ կարողանում է խոսել Արեգի լեզվով, թարգմանում է Արեգի ասածները, միաժամանակ մյուսների ասածը փոխանցում Արեգին, ոչ թե խոսքով, այլ ձեռքերով:

 

Արեգը չի լսում

 

Արեգի համար աշխարհը լուռ է, ապրում է առանց աղմուկի, բայց դա չի խանգարում նրան ընկալել աշխարհի գույներն ու մարդկանց, իր ցանկությունները լսելի դարձնել: Հույզերը արտահայտում է դիմախաղով: Նրա դեմքին անմիջապես գծագրվում է վերաբերմունքը: Մեզ տեսնելիս դարձավ մի փոքր կամակոր, բայց շատ գոհ է, որ իրեն նկարում է լուսանկարիչը ու սկսվեց դեմքին տարբեր հույզեր գծագրվել:

 

Արեգը
ԱրեգըԼուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

 

Արեգի մայրիկը՝ Արմինեն, դիմախաղից բացի երեխայի ցանկությունները հասկանելու համար երեք տարի առաջ Գյումրիում սկսեց որոնել մասնագետների, ովքեր կկարողանային օգնել իրենց՝ հասկանալ իրար:

 

Հոգեբանի խորհրդով Արեգը սկսել է հաճախել մանկապարտեզ, ձեռք է բերել ընկերներ, բայց երբեմն չհասկացված լինելը դարձել է ագրեսիվության ու ներփակվածության պատճառ: Երեխայի շփում ապահովվելու համար ժեստերի լեզուն իմանալը դառնում է անհրաժեշտություն.

 

— Ժեստերով խոսել սովորեցնում են Երեւանում, բայց ամիսներով տնից կտրվել ու գնալ այդքան էլ հեշտ չէ: Երեխայի ու ընտանիքի համար հոգեբանական ու ֆինանսական խնդիրներ կստեղծեր,- ասում է Արեգի մայրիկն ու պատմում, թե ինչպես է երկար փնտրելուց հետո գտել Գյումրիում միակ մասնագետին:

 

2009թ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ աշխատակիցներից Ռոզա Ավագյանը Երեւանում սկսեց սովորել ժեստերի լեզուն:

 

Ռոզա Ավագյանը (աջից)
Ռոզա Ավագյանը (աջից)Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

 

Ստեղծվեց հայկական ժեստերի լեզվի առաջին էլեկտրոնային բառարանն ու հայ-ամերիկյան ժեստերի լեզվի էլեկտրոնային եւ տպագիր բառարանը: «Ագաթ»-ում սկսվեցին անվճար դասընթացները հաշմանդամություն ունեցող անձանց համար:

 

— Շիրակի մարզում 250-ից ավելի լսողության խնդիրներ ունեցող անձինք կան: Մենք տեսնում էինք, որ նրանց մեծ մասը դուրս էին մնում տարբեր կրթական ծրագրերից ու միջոցառումներից, հասարակության լիարժեք անդամ չեն: Սովորեցի ու որպես մասնագետ սկսեցի ուսուցանել: Սովորել ցանկացողների հոսքից երեւաց, թե ինչքան շատ մարդիկ ժեստեր սովորելու կարիք ունեն, — նշում է Շիրակի մարզում ժեստերի լեզվի նրբություններին ծանոթ Ռոզան, ապա նաեւ մտաբերում՝ դասընթացների ամենափոքր մասնակցին՝ Արեգին, այն ժամանակ 3 տարեկան է եղել, ժեստերի մտածողությունը այնքան էլ զարգացած չի եղել, մայրիկն է սովորել եւ այն աստիճանաբար փոխանցել երեխային:

 

Արեգի մեծանալուն զուգահեռ մի նոր խնդիր է առաջանում. գտնել այնպիսի դպրոց, որտեղ կկարողանան հասկանալ Արեգի սովորած ժեստերը:

 

Ներառական դպրոցների բացերը

 

Շիրակի մարզում մոտ 10 տարի է հանրակրթական դպրոցներում ներդրվել է ներառական համակարգը: Սակայն մարզի ներառական շատ դպրոցներում թափուր են լոգոպեդի ու հատուկ մանկավարժի հաստիքները: Արդյունքում՝ ներառվելու փոխարեն երեխան կարող է ներփակվել, չհասկացված մնալ ու դպրոցի մասին պատկերացումները սահմանափակվեն միայն հոգեբանի սենյակի չորս պատերով:

 

Արեգի մայրը երկար է փնտրել, մինչեւ գտել է իր երեխային համապատասխան դպրոց: Իր օգնությամբ մասնագետները սկսել են խոսել Արեգի լեզվով:

 

-Սուրդո մանկավարժը պետք է աշխատի լսողության խնդիրներ ունեցող երեխաների հետ: Դպրոցում չունեինք սուրդո մանկավարժ, ունեինք երեխա ու պետք է օգնեինք: Մեր բազմամասնագիտական թիմը դպրոցի տնօրենի հետ որոշեց հրավիրել մասնագետի ու սովորել ժեստերի լեզուն,- նշում է Գյումրիի թիվ 31 դպրոցի լոգոպեդ ու Մանեի մայրիկ Սեդա Սանոյանը:

 

Սեդա ՍանոյանըՍեդա ՍանոյանըԼուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

 

Հենց այս դասընթացների ընթացքում էլ Մանեն հետաքրքրվում է ժեստերով ու մայրիկի՝ Սեդայի հետ սկսում է սովորել ոչ միայն մատների լեզուն, նաեւ փորձում հասկանալ, թե ինչ է նշանակում չլսել:

 

ՄանենՄանենԼուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

 

-Իր համար բացահայտում էր, որ երեխան չի լսում, ինքը հարցնում էր, Արեգը ինչո՞ւ չի լսում, ի՞նչու մյուսներին կարելի է սովորեցնել խոսել, իսկ Արեգին՝ ոչ, բա երեխաները չգիտեն ու չեն կարող հասկանալ Արեգին, ո՞նց պիտի խաղա, ո՞նց պիտի շփվի, ո՞նց պիտի կանչեն նրան, եթե հեռու է, — սեպտեմբերից Մանեին հուզող հարցերն է ներկայացնում Մանեի մայրիկը, որի խոսքին միանում է Արեգի մայրիկը.

 

-Արեգի համար նորություն է Մանեն, Արեգն էլ է զարմացած, որ կա նման երեխա, որ կարող է իր հետ ժեստերով խոսել: Մյուս երեխաների հետ խաղում է, իսկ Մանեն իր համար բացահայտում է: Զարմանալի է, որ Մանեի ասածը ինքը հասկանում է, կատարում է, ավելի շատ է սկսել կիրառել ժեստերը: Ես հույս ունեմ, որ Արեգը ավելի շատ կօգտագործի ժեստերը: Արեգը տանը չի օգտագործում ժեստերը, միայն ես գիտեմ, իսկ հայրիկի ու տատիկի հետ շփվում է ցույց տալով ու հասկացնելով: 

 

«Մամա, բա, էս սիրուն երաժշտությունները Արեգը չի՞ լսում, ո՞նց կարող է չլսել»

 

Մանեին մտահոգող այս հարցը մտահոգեց նաեւ թիվ 31 դպրոցի մասնագետներին: Մանեն սկսել է սովորել ժեստերով ցույց տալ երգերը: Այս տարբերակով մասնագիտական թիմը ցանկանում է հասնել ժեստային մտածողության այն մակարդակին, որ Արեգը ընկալի նաեւ երգն ու երաժշտությունը:

Խնդիրների առաջ կկանգնենք, երբ Արեգը տեղափոխվի բարձր օղակ

 

5 տարեկան Մանեի ու 6 տարեկան Արեգի խաղը յուրահատուկ է, Մանեն ժեստերով ցույց է տալիս տառը կամ բառը, Արեգը նկարում կամ գրում է: Տառերի մեծ մասը եւ՛ ժեստերով, եւ՛ գրելով գիտեն երկուսն էլ: Արեգը բացի լոգոպեդի, հոգեբանի ու հատուկ մանկավարժի հետ պարապմունքներից, նաեւ լիարժեք մասնակցում է դասերին:

 

ԱրեգըԱրեգըԼուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

 

Դասընկերներն արդեն սովորել են կարեւոր ժեստերը, որ շտապ օգնության հասնեն կամ մայրիկին փոխանցեն այն, ինչ ցանկանում է Արեգը:

 

— Հիմա ծրագիրը բավականին պարզ է ու Արեգը հասցնում է՝ լինելով շատ խելացի բալիկ, խնդիրների առաջ կկանգնենք, երբ նա բարձր օղակ անցնի: Ուսուցիչները չեն տիրապետում ժեստերի լեզվին: Յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պետք է վերապատրաստվի, որ կարողանանա իր հետ շփվի, իմանա ոչ միայն ժեստերի լեզուն, այլ երեխաների հետ վարվելու ձեւը: Ինչքան էլ փորձենք երեխայի շահերից խոսենք, միեւնույնն է, մեր պայմանները բավարար չեն, որ կարողանանք լիարժեք կրթություն ապահովվել լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար,- ասում է Սեդա Սանոյանը, նաեւ հավելում,-շատ կողմ եմ ներառականությանը, բայց կարծում եմ, որ ավելի լավ կլիներ հենց լսողության խնդիրներ ունեցողների դպրոցում կազմակերպվեր կրթությունը, քանի որ այնտեղ լրիվ ուրիշ ծրագիր է՝ հարմարեցված եւ՛ սարքերով, եւ՛ մեթոդներով: 

 

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

 

Դպրոցներում առկա խնդիրների մասին է խոսում նաեւ Գյումրիում հայերեն ժեստերի միակ մասնագետ Ռոզա Ավագյանը:

 

-Մարզերում կան լսողության խնդիրներ ունեցող երեխաներ, նրանք պետք է գնան Երեւան ժեստերի լեզուն սովորելու, բայց տարբեր պատճառներով չեն գնում, մնում են հասարակությունից մեկուսացված: Կամ գնում են սովորական դպրոցներ, բայց դասին չեն մասնակցում: Ուղղակի եկել նստել են հաշվառվել են որպես աշակերտ, բայց կրթություն չեն ստացել: Նրանք ոչ ժեստեր գիտեն, ոչ գրել գիտեն, դուրս են մնում հանրակրթությունից: 

 

Այժմ Շիրակի մարզում գործող 148 դպրոցներից 24-ում ներառական կրթություն է իրականացվում: Նախատեսվում է անցնել համընդհանուր ներառման, հատուկ դպրոցներ այլեւս չեն լինելու, բոլոր դպրոցները պետք է պատրաստ լինեն ընդունել հատուկ կարիքներով բոլոր երեխաներին: Եթե 24 դպրոցներում մասնագետներ ապահովվելը դեռ չի ստացվում, 148-ում ինչպես է իրականացվելու՝ հարցը անորոշ է նաեւ մասնագետների ու դպրոցների համար:

 

Անահիտ Հարությունյան (Գյումրի)

 

Լուսանկարները՝ Կարեն Մկրտչյանի (հատուկ Մեդիամաքսի համար)

Նյութի աղբյուր՝ https://www.mediamax.am

Առնչվող Հոդվածներ