Հասարակություն

«Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը լեգենդներ են, ճանապարհ են անցել. Թաց ու չոր չպետք է խառնել իրար․․․»․Ռազմիկ Պետրոսյան

«Հայ ժողովրդի ու բանակի միջև կապը երբեք չի ընդհատվելու։ Այդ կապը կա ու միշտ լինելու է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ազատամարտիկների դաշինքի անդամ, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում ամենամարտունակ բանակ ասվածը զուտ խոսքեր չեն։ Դա փաստ է։ Թերություններ Պետրոսյանը բանակում տեսնում է, բայց դա համարում է նորմալ, որոնց վերացումը մշտական աշխատանքի արդյունք է։ Ռազմիկ Պետրոսյանը ցավ է ապրում, որ այսօր բանակի հետ կապված մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ անցնում են քրեական գործերով։ «Գիտեք, հաճախ մենք ներկայացնում ենք, որ սա այս է արել, նա՝ այն, բայց այստեղ հրամանի խնդիր կա։ Մենք՝ զինվորականներս, չենք կարող հրաման չկատարել, հրամանը քննարկել։ Նման խնդիր չկա։ Իհարկե, կա անմեղության կանխավարկած, որը չպետք է խախտել։ Ցավ է, որ գեներալների հանդեպ դատական պրոցեսներ են գնում։ Ցավ է, քանի որ նրանք պատմություն են կերտել, հերոսներ են։

Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը լեգենդներ են, ճանապարհ են անցել, հետագիծ ունեն։ Մեզ՝ կռվող տղաներիս համար ցավ են այս քրեական գործերը։ Դրա համար կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին հստակեցնել նրանց մեղքի չափը։ Թաց ու չոր իրար հետ տանում ենք, բայց էդպես չպետք է վերաբերվենք։ Ես շատ կուզենայի, որ Միքայել Հարությունյանը մնար ու շատ հարցերի պատասխան տար, թե ով է հրաման տվել, ինչ է արել… Ամեն դեպքում քաղաքական իշխանություններն են պատասխան տալիս կատարվածի համար, իսկ զինվորականները հրաման են կատարում»,- ասաց Պետրոսյանը։ Ռազմիկ Պետրոսյանն անդրադարձավ նաև Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ այսօր հնչեցրած գնահատականներին, թե Քոչարյանին, Սեյրան Օհանյանին ու մյուսներին առաջադրված մեղադրանքները Մարտի 1-ի գործի շրջանակներում ծիծաղելի են, 0038 հրամանը կապ չունի բանակի հետ

Պետրոսյանը չցանկացավ մեկնաբանել Բալասանյանի ասածները, քանի որ խոսքն իր մարտական ընկերների մասին է: «Ժամանակից առաջ ընկնել, գնահատել, բացառել կամ հաստատել նրանց մեղքի բաժինը ես չեմ կարող»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը։

Առնչվող Հոդվածներ