Պաշտոնական
Մանվել Գրիգորյանին դուրս են գրել «Նաիրի» բժշկական կենտրոնից:


ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին դուրս են գրել «Նաիրի» բժշկական կենտրոնից։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։ «Մանվել Գրիգորյանին դուրս են գրել շաբաթ օրը` մարտի 2-ին։ Այլ մանրամասներ չգիտեմ, քանի որ քաղաքում չեմ»,-ասել է Գնունին։
Բժիշկների կոնսիլիումը որոշում էր կայացրել ստացիոնար պայմաններում նախկին պատգամավորի բուժումը շարունակելու անհրաժեշտության մասին։
Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանըն էլ Tert.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ դուրս է գրվել, ինչն արդարացված չի համարում: «Այն աջակցությունը, որն ստանում էր հիվանդանոցում, բնականաբար, մեկուսարանում չի կարող ստանալ, դրանով պայմանավորված իրեն վատ է զգում»,- ասաց նա:
Փաստաբանը նշել է, որ եթե նախկինում պարզապես ասում էին, որ Մանվել Գրիգորյանի շաքարը բարձրացել է, ինսուլինի կախվածությունը անխուսափելի է դարձել, հիմա արդեն մահ պատճառելու միտում է նկատվում, և ուրիշ պայմաններում կալանքի տակ չի գտնվի այդ մարդը:
«Հիվանդանոցում գտնվելը պարզապես իր ապրելու շանսն էր, որից զրկել են՝ հիվանդանոցից դուրս գրելով: Սա նպատակաուղղված միտումնավոր գործողություններ էին, որոնք նրա կյանքը փրկելու ուղղությամբ արված քայլը կանխեցին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:
Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը
Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան