Հասարակություն

«Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված «տուշոնկաները», շորերը և դեղորայքը պահվել է պատերազմի համար». Փաստաբան

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին առաջադրված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը կուղարկվի դատարան։ Մ. Գրիգորյանի քրեական գործի նախաքննությունը տևեց գրեթե ութ ամիս։

Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն 232 հազար 917 դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ 228 միլիոն 176 հազար 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն 3 հազար 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն 101 հազար 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Հիշեցնենք, որ Մ. Գրիգորյանի փաստաբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը երեկ հայտարարել էր, որ դադարեցնում է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը՝ «զինվորի հացը յուրացնելու» մեղադրանքի մասով, քանի որ նրան առաջադրված այդ մեղադրանքը հերյուրանք է։

Մանվել Գրիգորյանի մյուս փաստաբան, «Լև գրուպ» ընկերության ղեկավար Լևոն Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք բազմիցս նշել են, որ Մ. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը, մասնավորապես՝ «զինվորի սնունդ յուրացնելու» հետ կապված՝ փնթի ու հնարածին է և իրավական որևէ քննադատության չի կարող դիմանալ։

«Ավելին՝ շատ խոսվեց, հանրայնացվեցին զինվորի ներքնաշորերը, սնունդը։ Քանի որ գործի նախաքննությունն ավարտվել է, կարող եմ ասել, որ ներքնաշոր ասվածը վերաբերում է արդեն գործածությունից դուրս եկած շորերին, միայն պատերազմն անցած մարդը կարող է հասկանալ, թե ինչու էր Մանվել Գրիգորյանը՝ ԵԿՄ-ի նախագահ լինելով հանդերձ, այդ ամենը պահեստավորել, նպատակը մեկն է եղել, որպեսզի հետագայում, Աստված ոչ անի, եթե պատերազմ լիներ, նա այդ ամենը բաժաներ զինվորներին։ Վստահ եմ, որ դատական գործի ընթացքում այդ գնահատականը կտրվի, գնահատական կտա նաև պատմությունը։ Ինչևիցե, մենք մտնում ենք դատական գործընթացի մեջ, և լիահույս եմ, որ դատարանում օբյեկտիվ քննություն կկատարվի և շատ հարցերի պատասխաններ կտրվի»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է «տուշոնկաներին», փաստաբանը տեղեկացրեց, որ դրանք 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո շուրջ 1,5 տարի մնալով Արցախում՝ այնուհետև տեղափոխել են Հայաստան։

«Նախատեսված է եղել, որ պատերազմի դեպքում դրանք նույնպես կօգտագործեն, այդ թվում՝ դեղորայքը, հագուստեղենը։ Ավելին՝ առկա է ԵԿՄ նախագահի հրամանը՝ 3-4 տարվա վաղեմության, որով կարգադրում է պահեստավորել սնունդ ԵԿՄ ճյուղերի համապատասխան պահեստներում։ Ես ամենևին նպատակ չունեմ իմ պաշտպանյալին իդեալական ներկայացնել, բայց մարդը, որն անցել է պատերազմի ճանապարհ, շատ լավ է հասկանում, թե ինչ բան է պատերազմը, ինչպիսի ռեսուրսներ է այն խլում։ Եվ լավ իմանալով պետության վիճակը և այն, թե պատերազմի դեպքում քանի օր կարող են դիմանալ, կատարել է նշածս բոլոր գործառույթները։ Գուցե կատարել է ոչ ճիշտ, բայց սա արդեն գնահատման այլ հարց է, բայց անձին վերագրել մի բան, որը չի կատարել, կարծում եմ՝ ճիշտ և բարոյական չէ»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանը վստահեցրեց, եթե Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքն ապացուցվի, ապա թող իր պաշտպանյալը կրի ամենախիստ պատիժը, իսկ եթե չապացուցվի՝ դրա գնահատականը կտա՝ ինչպես դատարանը, այնպես էլ՝ հասարակությունը։

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանին առաջադրված նոր մեղադրանքին, այն է՝ հարկերից խուսափելը, Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ դրա հետ կապված նախաքննությունն ավարտվել է, և երբ ստանա բոլոր նյութերը, հանդես կգա մամուլի ասուլիսով։

Աղբյուրը Hayeli.am

Առնչվող Հոդվածներ