Քաղաքականություն

Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի ավտոմեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում

Գրիգորյանի տարածքում ՀՀ ԱԱԾ–ի նկարահանած կադրերում հայտնի կինոօպերատորը ճանաչել է մի քանի մեքենա, որոնք կինոստուդիային էին պատկանում։ ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի մեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը։ «Երբ ցույց տվեցին Մանվել Գրիգորյանի ավտոտնակը, ես մեր մեքենաներից երեք-չորսը ճանաչեցի։ «Պոբեդան» մերն էր, «ԶԻՄ»–ը, խորհրդային ռազմական «Վիլլիսը»։ Եվս մեկ մեքենա հաստատ մեր ավտոտնակից էր», – ասաց Աթոյանցը։ Նրա խոսքով` «Հայֆիլմի» անտիկվար մեքենաների պարկը (ավելի քան 100 ավտոմոբիլ) այլ տեխնիկայի ու սարքավորումների հետ թալանել էին։ Հիշեցնենք, որ գեներալ–լեյտենանտ, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է գտնվում ու մեղադրվում է Զինված ուժերի զենքի ու այլ ունեցվածքի յուրացման մեջ։ ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին` զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր։

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am Նյութի աղբյուրը` YN.am

Առնչվող Հոդվածներ