Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությունը պետք է արագ ավարտել. անկախ ճնշումներից՝ դատարանը պարտավոր է իրականացնել արդարադատություն. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը գտնում է, որ անկախ  գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ունեցած հասարակական վերաբերմունքից՝ իրականացվող քրեական հետապնդումը պետք է իրականացվի բացառապես իրավական ընթացակարգերին համապատասխան:

Tert.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ ավարտել նախաքննությունը և համապատասխան հիմքերի պայմաններում մեղադրական եզրակացությամբ այն ուղարկել դատարան՝ ըստ էության քննելու համար:

— Պարո՛ն Նորիկյան, Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու լուրը տեղիք է տվել հանրային դժգոհությունների, շաբաթվա ընթացքում մի քանի բողոքի ակցիաներ եղան, բացատրություն էին պահանջում որոշումն ընդունած դատավորից. սա, Ձեր կարծիքով, դատարանների անկախության տեսանկյունից ճնշում չէ՞:

-Եկե՛ք ընդունենք, որ բոլոր ժամանակներում էլ կարող են լինել կամ կլինեն մարդիկ ու սոցիալական տարբեր խմբեր, ովքեր կփորձեն այս կամ այն չափով իրենց պատկերացումների սահմաններում ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ: Այլ հարց է, որ դատական իշխանությունն ինքը պետք է մնա իր բարձրության վրա և տուրք չտա որևէ ճնշման՝ անկախ նրանից, թե ում կողմից է այն դրսևորվում: Վստահաբար կարելի է պնդել, որ միայն արդարադատ, ազնիվ ու անկաշառ դատավորները կարող են տուրք չտալ այդ ճնշումներին և կայացնել իսկապես օբյեկտիվ ու արդարացի դատական ակտեր: Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, բնականաբար, կան տարբեր գնահատականներ: Ինքս գտնում եմ, որ անկախ նրա նկատմամբ ունեցած հասարակական վերաբերմունքից՝ իրականացվող քրեական հետապնդումը պետք է իրականացվի բացառապես իրավական ընթացակարգերին համապատասխան: Ավելին, գտնում եմ, որ հնարավորինս արագ պետք է ավարտել նախաքննությունը և համապատասխան հիմքերի պայմաններում մեղադրական եզրակացությամբ այն ուղարկել դատարան՝ ըստ էության քննելու համար:

-Գլխավոր դատախազության կողմից բողոք ներկայացնելը կարո՞ղ է նաև հասարակական ճնշման հետևանք լինել, նախաքննության ավարտից հետո արդար դատաքննություն կարո՞ղ ենք ակնկալել:

Բողոք բերելն այլ խնդիր է, դրա վերաբերյալ դատարանի կողմից որոշում կայացնելը՝ մեկ այլ: Չեմ կարող ասել, թե դատախազության կողմից վերաքննիչ բողոք բերելը կարող էր պայմանավորված լինել հասարակական արձագանքներով, այդուհանդերձ, ինձ համար շատ ավելի էական ու առանձնահատուկ է դատական իշխանության վարքագիծը: Վերջիվերջո, պետք է գիտակցենք, որ դատախազությունը կամ վարույթն իրականացնող մարմինը հանդիսանում են քրեական հետապնդման մարմիններ, մեղադրանքի կողմ և կարող են քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված այս կամ այն ապացույցի վերաբերյալ ունենալ յուրովի դիրքորոշում կամ գնահատական, սակայն, սրանով հանդերձ, անձի մեղավորության խնդիրը որոշվի միայն ու միայն դատարանում: Չեմ կասկածում, որ այդ գործի վերաբերյալ հասարակական ուշադրությունը պակաս կլինի նաև դատաքննության ընթացքում, և մենք բոլորս հնարավորություն կունենանք տեսնելու, թե արդյոք դատարանը կգտնվի իր բարձրության վրա և կիրականացնի իսկապես արդարադատություն:

— Ընդհանուր առմամբ, վերջին ամիսների ընթացքում, Ձեր կարծիքով, դատարաններում ի՞նչ փոփոխություններ են եղել, զանգովի արդարադատություն, կարծում եք, այլևս չի՞ իրականացվում:

-Ընդհանուր առմամբ, ամբողջ իրավապահ համակարգն է կանգնած արմատական փոփոխությունների խնդրի առաջ: Այո՛, մենք ունենք հարգանքի արժանի դատավորներ, բայց ընդհանուր դատական համակարգի մեջ նրանց տեսակարար կշիռն այնքան փոքր է, որ նրանց գործունեությունը մնում է ստվերի տակ: Փոխարենը տարիներ շարունակ արմատացած ոչ ֆորմալ ինստիտուտները շարունակում են ազդեցիկ դիրք գրավել դատական իշխանության ներսում՝ խաթարելով հասարակության վստահությունը դատարանների նկատմամբ: Այս կարճ ժամանակահատվածում դատարաններում օբյեկտիվորեն մեծ փոփոխություններ չէին կարող լինել, ավելին, կան շատ խնդիրներ, որոնք բավականին հին են, և դրանց լուծվելու նախանշաններն էլ դեռևս չկան: Ինքս համոզված եմ, որ ողջ իրավապահ համակարգում անհրաժեշտ է բեկում: Ինչ վերաբերում է զանգերին, անկեղծ ասած, չգիտեմ, բայց եթե իսկապես այսօր էլ կան դատավորներին զանգողներ և այդ զանգերին պատասխանող դատավորներ, ուրեմն մենք լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնելու՝ անկանխատեսելի բացասական:

Անի Գևորգյան

 

Նմանատիպ գրառումներ