Հասարակություն

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻՆ ԲԱՑ ԹՈՂՆԵԼԸ ՉԷ․ ՍՊԱՆՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ «ԾՌԵՐԻ» ՀԱՄԱՆԵՐՄԱՆԸ:

Վաղը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքը ուժի մեջ կմտնի և քրեակատարողական հիմնարկներում պահվող թվով 2892 անձանցից պատժից միանգամից կազատվի շուրջ 469-ը, իսկ շուրջ 366 անձի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նախատեսված պատժաչափը կկրճատվի համապատասխան չափով:

Համաներման մասին օրինագծով նախատեսվում է պատժից ազատել նաեւ ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված, ֆիզիկական վնաս կրած տուժողները:

«Հրապարակ»-ի հետ զրույցում ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի եւ Արթուր Վանոյանի հարազատները նշեցին՝ դեմ են, որ «Ծռերի» նկատմամբ համաներում տարածվի։

Գագիկ Մկրտչյանի մայրը՝ տիկին Անահիտը, ասաց՝ համաներում չպետք է տարածվի նրանց վրա․ «Բոլորովին համաձայն չեմ այդ համաներմանը, պիտի պատժվեն։ Նրանք բոլորն էլ մի խումբ են, մի ձեւի կազմակերպված, մի ձեւի համախմբված, բոլորն էլ միասնական, ագրեսիվ։ Մի խոսքով՝ ես մարդասպաններին ցանկանում եմ ցմահ, ես չեմ տարբերում նրանց էն մյուսներից։ Կապ չունի՝ Սուրիկն ա, Արամն ա, Պողոսն ա, համախմբված ա եղել։ Նրանցից ամեն մեկն իր արածին համահունչ թող պատժվի, իսկ մարդասպան-դահիճները՝ ցմահ, նրանք չպիտի ազատություն տեսնեն, նրանք չպիտի դուրս գան։ Ով սպանել ա, ով կրակել ա, նա պիտի կրի ամենախիստ պատիժը, ում ձեռքից իմ տղան մահացել ա։ Կապ չունի հրացանը նրանց ձեռքում ա եղել, թե նրանց, պիտի պատժվեն, անպայման»։

Տիկին Անահիտի խոսքով՝ չպետք է փոխվեր «Սասնա ծռերի» խափանման միջոց կալանավորումը․«Լավ, հասկացանաք մարդասիրական ինչ-որ գործողություն են կատարել, բայց ավելի լավ չէ՞ր լինի, որ էն անապահով մարդիկ, ովքեր հացի փող չունեն, հացի կարոտ են, նրանց ցուցաբերեին էդ մարդասիրությունը, ոչ թե մարդասպաններին բաց թողնեին։ Ո՞րն ա դրա մարդասիրությունը, մարդասիրությունը մարդասպաններին բաց թողնե՞լն ա։ Ես էդպես եմ հասկանում։ Որ մտնում են, գրավում են, հետաքրքիր ա՝ ո՞ւմ մոտ են գնում կրակելու, գնում են թուրքի սահմա՞ն, թե՞ գնում են մի ուրիշ կառույց մտնեն։ Ես դեմ եմ, դա ի՞նչ խոսք, մենք ընտանիքով, ազգովի դեմ ենք, որ նրանք համաներման ենթարկվեն։ 100 տոկոս իրենք պիտի պատժվեն, իմ մինուճար տղայի կյանքը խլեցին»։

Վանոյանի որդին էլ՝ Ժորան, եւս համաձայն չէ, որպեսզի համաներում կիրառվի զինված խմբի անդամների նկատմամբ․ «Դեմ եմ, իհարկե։ Պետք է «Սասնա ծռերից» ոչ մեկի վրա չտարածվի համաներումը»։

Սույն քրեական գործով տուժող ճանաչված, ՊՊԾ գնդում մի քանի օր պատանդ մնացած, ներկայումս ոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ «Հրապարակի»՝ «Ծռերին» համաներելու վերաբերյալ հարցին չպատասխանեց՝ նշելով,թե խորհրդակցության է. «Որեւէ հարցի ես չպատասխանեմ էլի, զբաղված եմ։ Խորհրդակցության եմ»։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը եւս չպատասխանեց այդ հարցին՝ ասելով, թե առիթի դեպքում ինքներս այդ հարցը ուղղենք Վալերի Օսիպյանին, քանի որ ինքը պատասխանում է ոստիկանության եւ ոստիկանության պետի գործունեությանը վերաբերող հարցերին։

Հիշեցնենք, որ 2016թ-ի հուլիսի 17-ին՝ վաղ առավոտյան, «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։ Այդ դեպքերի ժամանակ զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը և լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։

Տեփանոսյանի եւ Վանոյանի սպանության մեջ մեղադրվում է խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ՝ խմբի մեկ այլ անդամ Արմեն Բիլյանը։ Բարսեղյանը եւ Բիլյանը կալանավորված են, մյուս ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո դատարանը փոխեց։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Առնչվող Հոդվածներ