Քաղաքականություն

Մարզպետ, փոխմարզպետ, նախարար. ովքեր կառաջադրվեն ՔՊ-ից Լոռիում՝ ռեյտինգային ընտրակարգով:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը կառաջադրվեն ԱԺ ընտրություններում թիվ 9 ընտրատարածքից՝ ռեյտինգային ընտրակարգով: ՀԺ-ի հետ զրույցում մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հաստատեց իր առաջադրումը:

Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, որը նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավարն է, ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ ընտրության են գնալու հաղթելու մտադրությամբ, գնում են թիմով. «Ինչպես գիտեք, իրավիճակ է փոխվել, թե նախկինում ինչպես են անցկացվել ընտրությունները, ես համոզված եմ, հիմա այդ սկզբունքը պարզապես չի լինելու, չպետք է լինի՝ ծանոթ-բարեկամ, չի լինելու թաղային հեղինակություն, լինելու են գաղափարական հենքի վրա հիմնված ընտրություններ»,- ասաց փոխմարզպետը:

Արամ Խաչատրյանը հաստատեց՝ մարզում շատերն են այսօր ցանկանում ոչ միայն անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլ նաեւ առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով՝ կուսակցության կողմից. «Մենք ներկայացնում ենք վարչություն, վարչությունը ինքն է որոշում հետագան, դիմողները շատ են»:

Մեզ հասած տեղեկություններով՝ թիվ 9 ընտրատարածքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրվելու են նաեւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականներ Արփի Դավոյանն ու Արեն Մկրտչյանը: Ցուցակի վերջնական տեսքը հայտնի կդառնա օրեր անց:

Առնչվող Հոդվածներ