Հասարակություն

Մեզ նորից խաբում են, նիուժելի՞ նորից Սերժի կարգերին ենք վերադարձել․ խաբված բնակիչներ:

Հյուսիսային պողոտայի և Բյուզանդի նախկին բնակիչները շարունակում են բողոքել իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար։ Նրանց շարքերը բավականին նոսրացել են, քանի որ մի մասը ինչ-ինչ ճանապարհներով լուծել է պետության կողմից քանդված իրենց բնակարանների փոխհատուցման հարցը, մյուսները հուսահատվել են պայքարելուց։

Մնացել են նրանք, ովքեր երկրից դուրս գալու կամ տեղում բնակարան ձեռք բերելու հնարավորություն չունեն։

«Ամեն քառակուսի մետրի համար 230 դոլար տվեցին, մինչդեռ 1000 դոլար էին խոստացել։ Տարոն Մարգարյանի (նախկին քաղաքապետ-հեղ․) օրոք մի մասը տուն ստացան, Երվանդ Զախարյանի օրոք էլ էին եղել տուն ստացողներ (պաշտոնավարել է Տարոն Մարգարյանից առաջ-հեղ․), հիմա մի քանի հոգիս ենք մնացել»,-NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասացին խաբված բնակիչները։

Նրանք հույս են ունեցել, որ հեղափոխությունից հետո իրենց բնակարանների հարցը կլուծվի, սակայն մինչ օրս ոչ մի քայլ չի արվել այդ ուղղությամբ։

«Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ոչ մի հարց չի մնալու չլուծված, Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նույնն ասաց, բայց հիմա գնում ենք, իսկի մեզ չի լսում։ Նիուժելի՞ մենք նորից Սերժի կարգերին ենք վերադարձել․․․ մինչև ե՞րբ պետք ա պայքարենք»,-ասաց բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ այս բնակիչներն արդեն 15 տարի պայքարում են իրենց փոխհատուցումն ստանալու համար։ Նրանցից այժմ մնացել են 7-ը։

Առնչվող Հոդվածներ