Քաղաքականություն

Մենք արդեն ԱԳՆ-ում փոխել ենք արատավոր պրակտիկան, որ դեսպաններից շատերը նշանակվում էին թոշակի գնալու համար. Ռուբինյան

Մի քանի երկրներ են դեռեւս վավերացրել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը. խորհրդարանական դիվանագիտությունն է լծակներից մեկը, որը կարող է արագացնել համաձայնագրի վավարեցման գործընթացը տարբեր երկրների խորհրդարաններում: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում հայտարարեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

«Այստեղ եւս ԱԳՆ-ի հետ համակարգված մեծ աշխատանք ունենք տանելու՝ խթանելու այս գործընթացը»,-ասաց նա:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Մկրտչյանն էլ դիմելով Ռուբինյանին, առաջարկեց հնարավորության դեպքում դեսպաններ նշանակելիս նրանց բերել ԱԺ եւ լսել նրանց ու խորհրդարանական վերահսկողություն սահմանել. «Եղել են դեսպաններ, որոնք առնվազն չպետք է մոտ գտնվեին ԱԳՆ մուտքի դռներին»,-ասաց նա:

Ռուբեն ռուբինյանը, ով մինչեւ վերջերս ԱԳ փոխնախարար էր, ասաց. «Այսօր էլ նշանակվող դեսպանները կարող են հրավիրվել ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողով: կարծում եմ՝ այս պրակտիկան պետք է տարածել ավելի շատ դիվանագիտական ներկայացուցիչների վրա: Այսպես է ապահովվում գործընթացի թափանցիկությունը: Անգամ եթե ԱԺ-ն դեսպան նշանակելու լիազորություն չունի, այն կարող է մեծ դեր խաղալ, որովհետեւ դեսպան նշանակողը կգիտակցի, որ ի վերջո, ստիպված է լինելու պատասխանել ԱԺ պատգամավորների հարցերին:

Մենք արդեն ԱԳՆ-ում փոխել ենք արատավոր պրակտիկան, որ դեսպաններից շատերը նշանակվում էին քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ թոշակի գնալու համար: Դրանով փակվում էր մասնագետների աճի ճանապարհը»:

 

Առնչվող Հոդվածներ