Արտակարգ դեպք/Պատահարներ

«Մեր գերեզմաններն ապականել են՝ հանել են եղբորս ու պապիս ոսկորներն ու այդ տեղում ուրիշին են թաղել». ի՞նչ է կատարվում «Թոխմախի» գերեզմանատանը

Պարզվում է՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը («Թոխմախի») կենտրոնական հատվածը թանկ գներով վաճառելուց բացի, նաև միևնույն հատվածում ազգակցական կապ չունեցող մարդկանց թաղելու «ավանդույթ» է եղել:

«Մեր գերեզմաններն ապականել են, երկու տարի է՝ պայքարում ենք: Ուրիշը եկել-մտել է Գրիգորյաններին հատկացված տարածք, քարը դրել է, ազգանունն էլ գրել՝ Դոմինիկյան: Երևանում նման ազգանունով մարդ չկա: Դա արել է Կենտրոնական գերեզմանատան նախկին աշխատակից, «Թոխմախ գյոլի» Ռոզան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց տիկին Լ.Պետրոսյանը:

«Սկզբում այնտեղ թաղվել է իմ մեծ եղբայրը, հետո՝ պապիկս: Ռոզն է որոշել՝ ում թաղի, որտեղ թաղի, ու տեղերը ծախել է: Իրենք տարբեր տեղերի շինարարական աղբ են բերում գերեզման, հետո, երբ լավ «կլիենտ» է գալիս, արագ մաքրում են ու մոտ 10.000 դոլարով ծախում են: Հիմա գերեզմաններն իրար շատ մոտ են, մի խայտառակ բան: Ուրիշների գերեզմանների վրայով ես քայլում ստիպված:

Մի խոսքով՝ քարը բերել, դրել են մեր գերեզմանի մեջ: Արդեն երկու տարի է: Այդտեղ 7 անձ է թաղված, պապս, 3 եղբայրներս, հայրս, մայրս… »:

Եվ, քանի որ «Թաղման բյուրոյի» նոր տնօրեն էր նշանակվել Արման Իսկանդարյանը, գնացինք, որ արդարությունը վերականգնենք, նոր ղեկավարը մեզ հետ շատ կոպիտ խոսեց:

Մենք նախկին պետի հետ պայմանավորվել էինք, որ գործը սկսեն, քանդեն, մաքրեն: Ասում եմ՝ քարը հանելու եմ, նոր տնօրենն ասում է՝ դատի կտամ, դա սրբապղծություն է: Հորս ու պապիս վրա բերել թաղում են արել, փոխանակ ուղղեն, շանս եմ տալիս, մի բան էլ ինքն է հոխորտում»,- նշեց Հ. Գրիգորյանը:

«Ռոզային որ ասեցի դատի կտամ՝ ծնկաչոք խնդրեց, որ նման բան չանեմ, ասեց՝ կեղտդ ուտեմ, իմ միջոցներով կտեղափոխեմ: Ինձ հանգստացրեց այդպես: Քար էլ էի բերել, ասեց՝ լավը չէ, չեչոտ է, սա կծախեմ՝ Փամբակինը կբերեմ: Իմը Մարալիկի բերածն էր: Այդ փողն էլ կերավ: Իսկ այն, որ բերել, թաղում են արել, հանել են եղբորս ու պապիս ոսկորները, Ռոզան դա խոստովանել է: Պատմեցի ու Արմանին ասացի՝ արտաշիրմում կանենք, ոսկորները կգտնենք, ԴՆԹ-ի միջոցով կապացուցեմ, որ այդտեղ իմ հարազատներն են թաղված: Ինչքան էլ տարածել են, գոնե երկու ոսկոր թողած կլինեն: Արմանն էլ պատասխանեց՝ ես նման բան չեմ անի, դա սրբապղծություն է»,- հավելեց պարոն Գրիգորյանը:

Տիկին Լ.Պետրոսյանն էլ, թե՝ «Արման Իսկանդարանը՝ նոր պետը, մեզ ասաց, թե՝ Նոր Նորքում եմ ապրում, հայրս 10 տարուց ավելի է՝ մահացած է, ես սրբավայր չեմ սարքում գերեզմանը: Մեկ անգամ եմ գնացել գերեզմաններ, խորհուրդ կտամ՝ դուք էլ այդպես անեք, դա սրբավայր չէ: Հա, ի դեպ, այդ ամենը որ պատմեց Գրիգորյանը, մեկ էլ Արմանը, թե՝ Գրիգորյա՛ն, Ռոզան եկել, սեռական օրգանդ ա պաչել, դրա համա՞ր ես իրեն ներել: Մարդ ինչքան լկտի պետք է լինի: Ասում եմ, տղա ջան, մորդ տարիքի եմ, չես հարգո՞ւմ, ինչե՞ր ես խոսում, ասում ա՝ տիկի՛ն, դուք զբաղվում եք պոպուլիզմով:

Իսկ երբ միջանցք էինք դուրս եկել, եկավ ու ասաց, թե՝ ես այստեղի տնօրենն եմ, ինձ այստեղ նշանակել են վարչապետն ու քաղաքապետը: Չի հասկանում, որ դա նշանակովի չէ, մրցույթով է: Տնօրենին դիմել ենք նաև իմ հարազատի հարցով. նրա ոտքերի մասի թումբը մաքրել են, հետևի մարդը եկել, բետոն է արել, ու առաջ են եկել: Ասում եմ՝ հարցը լուծենք, Արմանն ասում է՝ քո գործը չեմ կարա անեմ»:

Քաղաքացիները նշեցին նաև, որ բոլորին հայտնի Ռոզան մահացել է, իսկ դատարան դիմելու համար իրենցից 700.000 դրամ կպահանջվի:

168.am-ը կապ հաստատեց «Թաղման բյուրոյի» նորանշանակ տնօրեն ԱրմանԻսկանդարյանի հետ, ով հայտնեց, որ խնդրին տեղյակ է:

«Գրիգորյանն ինձ ասել է, որ Ռոզան իրեն խնդրել է, որ չբողոքի, ու երեք նոր գերեզմանատեղիի առաջարկ է արել: Հիմա Գրիգորյանը եկել, ասում է՝ Դոմինիկյանների գերեզմանը քանդի, իսկ ես պատասխանել եմ, որ խնդիրը պետք է միայն դատական կարգով լուծվի: Առաջարկել եմ դիմել դատարան, որովհետև սա երկու կողմերի փոխհարաբերությանն է վերաբերում: Իսկ ինքն ինձ առաջարկել է, որ գնամ, գերեզմանաքարը հանել տամ: Ես էլ պատասխանել եմ, որ՝ եթե ձեր հանդեպ սրբապղծություն է արվել, նույնը ես չեմ կարող անել, դիմե՛ք դատարան, թող դատարանը որոշի: Ասաց՝ ես կգնամ, կջարդեմ, ես էլ ասացի, որ նման բան թույլ չեմ տա»:

Հարցին՝ ճի՞շտ է, որ աղբ են լցնում, հետո թանկ գնով վաճառում են տարածքներ՝ Արման Իսկանդարյանն ասաց, որ քանի դեռ ինքը տնօրեն է, նման բանը բացառված է:

Ինչ վերաբերում է Լ.Պետրոսյանի բարեկամին՝ տնօրենը նկատեց. «Ինձ ասաց՝ տատիկիս քրոջ գերեզմանը բետոնապատել են, խնդրում եմ տեղափոխել, պատասխանեցի, որ խնդիր չկա, պարզապես ըստ օրենքի՝ երեք տարին պետք է անցնի, որ նոր կարողանանք տեղափոխել: Ասաց՝ իմ ուզած տեղը: Ասացի՝ կներեք, ոչ, սա քմահաճույքների տեղ չէ: Նրանց բացատրել եմ նաև, որ մեր միջոցներով չենք կարող տեղափոխել, քանի որ ունեք պատասխանող կողմ, որը որ մտել է ձեր տարածք: Դատի՛ տվեք, շահե՛ք դատը, թող ինքն էլ տեղափոխի»:

«Թաղման բյուրոյի» տնօրենը հերքեց նաև տիկնոջ՝ «Ռոզան եկել, սեռական օրգանդ ա պաչել, դրա համա՞ր ես իրեն ներել» ասածը:

«Ուղղակի պոպուլիզմով են զբաղված: Իրենց հետ կարող եք գալ, նստենք ու դեմ դիմաց խոսենք: Բացի մեզանից, էլի մարդիկ են ներկա եղել այդ խոսակցությանը»,- արձագանքեց նա:

Արման Իսկանդարյանը ժխտեց նաև իրեն տնօրեն նշանակելու հետ կապված՝ վարչապետի ու քաղաքապետի անունը տալը:

«Ես մրցույթի եմ մասնակցել, արդյունքները բաց են, բոլորը կարող են նայել: Հիմա կողքս դրված է մրցույթի բլանկը, որը որ պարապել եմ՝ ՀՀ Սահմանադրություն, օրենսգիրք, Գնումների մասին օրենք, և այլն: Կարող եք ինձ հարցեր տալ, ես պատասխանեմ ու հասկանաք՝ անցե՞լ եմ մրցույթը, թե՞ նշանակել են»,- նշեց «Թաղման բյուրոյի» տնօրենը:

Հարցին՝ ճի՞շտ է, որ քաղաքացիներին ասել է՝ հայրս 10 տարուց ավելի է՝ մահացել է, ես մեկ անգամ եմ գնացել գերեզմաններ, ու խորհուրդ է տվել այդպես անել, քանի որ դա սրբավայր չէ, «Թաղման բյուրոյի» տնօրենը պատասխանեց.

«Ես նման բան ուղղակի չեմ կարող ասած լինել: Տարիքն առած մարդիկ են և ստում են: Մեր խոսակցությունը եղել է այլ մարդկանց ներկայությամբ, չկա նման բան: Պարզապես իրենց ասել եմ, որ գերեզմանները լայն ու մեծ սարքելու իմաստ չկա: Իմ հայրիկի գերեզմանը գտնվում է Չորրորդ գյուղում ու այնտեղ միշտ թարմ ծաղիկներ են դրված: Ես եմ գնում հաճախ: Նրանց պարզապես ասել եմ, որ մարդուն հարգում են կենդանության օրոք, միլիարդներով գերեզման սարքելը հարգանքի արտացոլման նշան չէ»:

Արման Իսկանդարյանն ընդգծեց, որ շատ օրենսդրական խնդիրներ կան, որոնց ուղղությամբ ինքն այս պահին աշխատում է:

Անի Կարապետյան

168.am

Առնչվող Հոդվածներ