Քաղաքականություն
Միջազգային կառույցներում, հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, Ալիևի հայտարարությունները պետք է անարձագանք չմնան. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:
Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը, խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին, մասնավորապես ասել է՝
«Հարգելի՛ գործընկերներ,
Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։
Ժողովրդի քվեով ձևավորվեց խորհրդարան, և միջազգային կառույցները ևս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։
Ես ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ չուներ։ Դա հեղափոխություն էր՝ ընդդեմ հուսահատության և «բեսպրեդելի», հեղափոխություն էր՝ ընդդեմ կոռուպցիայի և ամենաթողության։
Այսօր արդեն նոր Հայաստան է, նոր քաղաքական իրողություններով, նոր քաղաքական և տնտեսական օրակարգով և աշխարհի հետ հարաբերությունների բացարձակապես նոր որակով։
Բրիտանական «Էկոնոմիստը» Հայաստանը համարեց տարվա երկիր և անչափ կարևոր է, որ ԵԽ և ԵՄ լոկոմոտիվ երկրները ողջույնի և քաջալերանքի խոսքերից անցնեն շատ ավելի գործնական քայլերի։ Իսկ գործնական քայլերը ներդրումներն են, որոնց համար այսօր Հայաստանում խաղի նոր կանոններն են հաստատված։
Ես տեսնում եմ հնարավորություն, որ Հայաստանը կարող է դառնալ մոդել՝ աշխարհին ցույց տալու, թե ինչպես է հնարավոր փոքր տնտեսություն ունեցող երկրում ձևավորել ինովացիոն միջավայր՝ նորարարական կազմակերպություններ ստեղծելու համար, որոնք պետք է դառնան նոր տնտեսական քաղաքականության շարժիչը։
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին Հայաստանին սպառնալու ծիծաղելի փորձեր արեց՝ հայտարարելով, որ մեկուսացնելու են Հայաստանին տարածաշրջանային բոլոր նախագծերից։ Ես շարունակում եմ լավատես լինել և հույս ունենալ, որ թե՛ մեր, թե՛ միջազգային այլ կառույցներում և թե՛ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում նման հայտարարությունները պետք է անարձագանք չմնան։
Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանում բացառիկ դերակատարություն ունեցող երկիր, և մենք պատրաստ ենք նոր որակի քաղաքական և տնտեսական հարաբերություններ հաստատել միջազգային մեր գործընկերների հետ՝ հանուն այն հաջողության, որի անունն է ժողովրդավարություն և զարգացում»։
