Հասարակություն

Մոտ 2000 հնդիկ Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել:

2018 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում Հայաստան է մուտք գործել Հնդկաստանի 21061 քաղաքացի, որոնցից 18095 դուրս է եկել երկրից։ Այսինքն՝ այսօր Հայաստանում է գտնվում 2966 հնդիկ։ Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ապրող այդ 2966 հնդիկներից ավելի քան 1000-ը կացության կարգավիճակ է ստացել ուսման հիմքով, իսկ մոտ 800-ը՝ աշխատանքի:

«Մոտ 200 հոգու վերաբերյալ չի կարելի պնդել, որ նրանք անկանոն միգրանտներ են, քանի որ կարող են վավեր վիզաներ ունենալ, ինչով էլ կհիմնավորվի իրենց կացությունը Հայաստանի տարածքում»,- նշեց Ղազարյանը:

Նրա որակմամբ՝ կարելի է արձանագրել, որ սա աճ է, քանի որ 2017 թվականին՝ 935 քաղաքացի է կացության կարգավիճակ ստացել։ Այս առումով միգրացիոն ծառայության պետն իր մտահոգությունը հայտնեց՝ մասնավորապես կապված աշխատաշուկայի և այլ խնդիրների հետ։

Բացի այդ, նա նկատում է, որ սոցիալական ցանցերում արդեն իսկ այդ երևույթը խիստ բացասական արձագանք է գտել, ինչը ևս մտահոգիչ է, ինչը կարող է հանգեցնել ատելության և հանգեցնել կոնկրետ գործողությունների։

Նյութի աղբյուրը ` newspress.am

Առնչվող Հոդվածներ