Հասարակություն

Յուրի Վարդանյանի առանձնատանն այսուհետ կապրի Սերժ Սարգսյանը:

Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կառավարական տունը լքելուց հետո տեղափոխվել էր իր փեսայի՝ Վատիկանում այդ պահին դեսպան Միքայել Մինասյանի Ձորաղբյուրում գտնվող առանձնատուն։ 

Armdaily.am-ի տեղեկություններով՝  Սերժ Սարգսյանը նոր առանձնատուն ունի: Առանձնատունը գտնվում է փեսայի տան հարևանությամբ և պատկանում էր ծանրամարտի Օլիմպիական խաղերի, Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանին։ Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ առանձնատունը կառավարությո՞ւնն է ձեռք բերել, թե՞ Սերժ Սագսյանը: Ձորաղբյուրում գտնվող այդ առանձնատանը հիմա ակտիվ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, սակայն ճանապարհներն այդպես էլ չվերանորոգվեցին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի սկզբին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն  հայտարարել էր, որ համապատասխան մարմիններից անվտանգության վերաբերյալ պաշտոնական գրություն ստանալուց հետո՝ կառավարությունը Սերժ Սարգսյանին կտրամադրի նրան արված տասնյակ առաջարկներից վերջինը, կամ Սերժ Սարգսյանի գրասենյակից կպահանջի պաշտոնական հրաժարում և այդպիսով կատարված կհամարի իր պարտավորությունը պաշտոնաթող նախագահի հանդեպ։ 

Մինչ այդ, դեռ 2018 թ-ի սկզբին որոշում էր կայացվել  օտարել կառավարական ամառանոցն ու այդ տունը տրամադրել Սերժ Սարգսյանին, սակայն ապրիլի 17-ին, վարչապետ ընտրվելուց երկու օր անց, երբ փողոցում բողոքի ակցիաներ էին ընթանում, Սարգսյանն անսպասելի հայտարարեց, որ հրաժարվում է նշված առանձնատան սեփականության իրավունքից, պատճառաբանելով, թե դրա ժամանակը չէ։ Նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավարին հանձնարարել էր լուծել երրորդ նախագահին օրենքով հասանելիք առանձնատան խնդիրը, սակայն պաշտոնաթող նախագահը հրաժարվել էր կառավարության առաջարկած մեկ տասնյակ առանձնատներից, հիմնականում անվտանգության հետ կապված հիմնավորումներով։

Արդյունքում, միայն  հոկտեմբերի 31-ին Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարեց, որ երրորդ նախագահը դուրս է եկել  Կառավարական ամառանոցից և հանձնել առանձնատան բանալիները:
Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը բնակություն է հաստատելու Ձորաղբյուր գյուղում:

Առնչվող Հոդվածներ