Քաղաքականություն

Նախորդ իշխանությունները պարգևավճարներ են տվել նաև տարվա ընթացքում, կեղծել ու թաքցրել են դա հանրությունից. Հայկ Մարության

Մենք հրապարակը վերադարձնում ենք երևանցիներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ավագանին մերժել կայանատեղի կառուցելու խնդրանքը, որտե՞ղ պետք է կայանեն մեքենաները:

«Եթե այս պահին տրանսպորտի խնդիրը լուծման ընթացքում է, ուրեմն պետք է սկսենք կանգնել շատրվանների մեջ և այլն, և այլն: Հրապարակը հրապարակ է: Այո՛, հրապարակում չպետք է կանգնեն մեքենաներ: Մենք հրապարակը վերադարձնում ենք երևանցիներին: Շահումյանի հրապարակը շատ սիրուն ու գեղեցիկ հրապարակ է: Երեկոյան, երբ ոտքով զբոսնում եմ, մեքենաներ չկան, նոր տեսնում եմ այդ հրապարակի գեղեցկությունը: Կուզեմ, որ ցերեկվա ժամերին էլ այդ գեղեցկությունը վայելենք»,- ասաց Մարությանը:

Նա նշեց, որ գնդակը ոստիկանության դաշտում է, ոստիկանությունը պետք է ապահովի այս որոշման իրականացումը:

Խոսելով պարգևատրումների մասին՝ Հայկ Մարությանը նշեց, որ փոխքաղաքապետերը ստացել են «մաքուր» մոտ 600,000 դրամ:

«Ինչ կատարվեց այս ընթացքում, համեմատություններ եղան տարբեր անձանց կողմից, գիտեք, որ չեմ սիրում անդրադառնալ նախկիններին: Եկել ենք, ստանձնել ենք պատասխանատվություն, գնում ենք առաջ, քաղաքը տանում ենք առաջ: Սա մեզ համար հետաքրքիր ազդակ էր, որ մենք վերանայենք, տեսնենք՝ նախկինում թափանցի՞կ է եղել: Մենք զարմացանք, որ նախորդները թափանցիկ են եղել, մտածեցինք, որ երևի ինչ-որ բան չգիտենք, որ հեղափոխությունը հենց այնպես արվեց: Պարզվեց, որ բացի պարգևավճարներից, որոնք միշտ տրվում են տարվա վերջում, տարվա ընթացքում մոտ 287 միլիոն դրամի պարգևավճարներ են տրվել, որոնք թաքցվել են հանրությունից, չեն հրապարակվել:

Դրանց տեղը հրապարակվել են այլ կարգադրություններ: Կայքում նույն օրով, նույն համարի կարգադրություն է դրվել, որտեղ ուրիշ բան է գրված: Կեղծվել է»,- նշեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետի խոսքով՝ անհիմն են խոսակցությունները, թե նախկին իշխանությունները թափանցիկ են եղել, նրանք «ցույց են տվել այն, ինչ իրենց կարծիքով պետք է իմանա ժողովուրդը, և ոչինչ ավելի»: «Պատկան մարմինները պետք է զբաղվեն սրանով»,- հավելեց նա:

Առնչվող Հոդվածներ