Նավթի համաշխարհային գները նվազել են՝ Սաուդյան Արաբիայում արդյունահանման ծավալների վերականգնման մասին լուրի ֆոնին:

Նավթի համաշխարհային գները երեքշաբթի երեկոյան գրանցված աճուրդի տվյալներով կտրուկ անկում են գրանցել.  Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթն արժեզրկվել է 6.3 տոկոսով, WTI տեխասյան ապրանքանիշինը՝ 5.3 տոկոսով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նավթի գնանկումը պայմանավորված է լուրերով առ այն, որ Սաուդյան Արաբիան կարող է ավելի արագ վերականգնել նավթի արդյունահանումը, քան ակնկալվում էր:

Երևանյան ժամանակով 18:08-ի դրությամբ Brent ընկերության նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 5.68 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 65.1 դոլար, իսկ WTI ապրանքանիշի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 5.01 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց կազմելով 59.53 դոլար:

Ներդրողները շրջանառում են Սաուդյան Արաբիայի աղբյուրներից ստացված տեղեկությունը, որի համաձայն թագավորությունը կարող է 2-3 շաբաթում վերականգնել նավթի արդյունահանումը պետական նավթային ընկերության կառույցների դեմ իրականացված հարձակումից հետո: Աղբյուրների տվյլաներով՝ Սաուդյան Արաբիան արդեն վերականգնել է հարձակումից հետո կրճատված ծավալի 70 տոկոսը:

Նմանատիպ գրառումներ