Հասարակություն

Նարգիլեի բիզնեսով զբաղվողները մտահոգված են. Կառավարությունից նրանց ոչ ոք չի ընդունել:

Այսօր՝ փետրվարի 28-ին, նարգիլեի բիզնեսով զբաղվողները բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց:

Խնդիրն այն է, որ նախագիծը, երկու շաբաթից ավելի է՝ կառավարությունում է, և նրանք ցանկանում են, որպեսզի Կառավարության հետ քննարկումներ լինեն, որովհետև ըստ նրանց՝ հնարավոր է՝ Առողջապահության նախարարության ներկայացրած փոփոխությունները կառավարությունն ուղղակի հաշվի չառնի:

Նրանց խոսքով՝ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ պետք է նարգիլեի մասնագիտացված ակումբները մնան, գործեն ինչ-որ ստանդարտներով, ունենան օդափոխության համակարգ, անչափահասների մուտքն արգելվի, և այլն:

«Կառավարությունից ոչ ոք չիջավ և չընդունեց մեզ: Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ կարող է կառավարությունն առանց մեզ հետ քննարկելու ընդունել այդ նախագիծը, տանել Ազգային ժողով, կոճակները սեղմել ու օրենք դարձնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նարգիլեի բիզնեսով զբաղվողներից Գոռ Գասպարյանը:

Նրա փոխանցմամբ՝ քննարկումներն են գնում Առողջապահության ազգային ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանի ու նրա խմբի հետ:

«Նրանց հետ երկու անգամ հանդիպել ենք, պետք է զանգահարեին երրորդ հանդիպման համար, բայց չզանգահարեցին»,- հավելեց Գոռ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ նարգիլեի բիզնեսով զբաղվողներն առաջարկում են փոփոխել որոշ կետեր «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծում: Նրանք առաջարկում են նարգիլեն առանձնացնել ծխախոտից, ինչպես նաև նարգիլե թույլատրել ծխել հատուկ վայրերում:

Անի Կարապետյան

https://168.am

Առնչվող Հոդվածներ