ՀասարակությունՔաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդն է, նրա հոգևոր զավակը. Փոստանջյան

Միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգորդն է, միանշանակ է, որ նա այդ միջավայրում է ձևավորել իր քաղաքական հայացքները: Փաշինյանը ՀՀՇ-ական ուղղվածություն ունեցող անձ է, որևիցե մեկը դա չի կարող ժխտել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայրն է. «Նրա գործողություններն այսօր կրկնում են Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի գործողությունները: Իսկ այն, ինչ նա հայտարարում է, սովորական խաբեբայություն է, որին նա տիրապետում է: Մենք արդեն բազմիցս բախվել ենք նրա ստերին, երբ նախկինում խոստում է տվել, սակայն հետո հրաժարվել է դրանցից»:

Փոստանջյանը խոսեց նաև Արցախյան հակամարտության, մասնավորապես այն մասին, որ հայկական կողմից խաղաղության մասին խոսվում է նույն ենթատեքստում, ինչ՝ Ադրբեջանում: Փոստանջյանն անընդունելի համարեց Նիկոլ Փաշինյանի կնոջ հայտարարությունը, որ կարևոր չէ, թե ինչից է սկսել հակամարտությունը. «Մեզ համար շատ կարևոր է և հակամարտության էությունը, և այն, թե ով է սկսել հակամարտությունը: Պետք է իմանանք, թե ինչով է տրվելու բանակցությունների մեկնարկը, ինչով են պայմանավորված Փաշինյանի հանդիպումները»:

Ինչ վերաբերում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելուն, Փոստանջյանը նշեց, որ մենք խաղաղ ժողովուրդ ենք. «Մենք պետք է բոլոր հնարավոր հայտարարությունների մեջ ասենք, որ անընդհատ զիջել ենք երկու թուրքական պետություններին: Այսօրվա զիջման հետևանքով չունենք հայկական Նախիջևան, Դաշտային Արցախ: Եթե հիմա խոսում ենք բանակցությունների մասին, պետք է հայեցակարգ ունենք, թե որ մեկնակետից են դրանք սկսվելու: Պետք է հասկանանք, որ Մադրիդյան սկզբունքները պիտանի չեն, քանի որ 2016 թվականը ցույց տվեց, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց ծավալապաշտական քաղաքականությունը վարելու են: Ադրբեջանը հարձակվելու է ցանկացած զիջման դեպքում»:

Առնչվող Հոդվածներ