Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանում ոչ մի կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից:

Հայաստանում պետք է գործի անկախ դատական համակարգ, ցանկացած տեսակի միջամտությունն անթույլատրելի է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով դատաիրավական համակարգում տեղի ունեցող զարգացումներին:

«Մարդկանց մոտ հարցեր են ծագում՝ ասելով, թե այս կամ այն անձին բռնեցին, հետո բաց թողեցին: Արձանագրենք մի բան, հույս ունեմ, որ բոլորդ, առանց որևէ վերապահման, գիտեք, որ ես այդ բռնելու և բաց թողելու հետ որևէ կապ չունեմ: Դրանք իմ որոշման տիրույթի հարցեր չեն: Դա ոչ թե այն պատճառով, որ չունեմ հնարավորություն ազդելու պրոցեսի վրա, այլ կարծում եմ, որ Հայաստանում պետք է գոյություն ունենա անկախ դատական համակարգ: Դրա կարևոր պայմաններից մեկը քաղաքական կամքն է, այնուհետև ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծելը: Եթե ես չեմ զանգում դատավորներին, դա դեռ երաշխիք չէ, որ ոչ ոք չի զանգում, այդ թվում, այդ դատական համակարգը ձևավորած շրջանակից: Մենք դատական դիկտատուրայի ճանապարհով չենք գնալու, մեզ համար կարևոր է վերլուծել իրավիճակը և թացը չորից տարբերել»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հետ կապված Էջմիածնում տեղի ունեցող իրադարձություններին: Նա ճիշտ չի համարում այն դիտարկումները, թե հիմա ճանապարհ են փակում, որովհետև հեղափոխության օրերին էլ են ճանապարհներ փակվել:

«Ասում են՝ բա լա՞վ է, որ դուք փակում էիք: Հարգելի քաղաքացիներ, մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանությունը: Այսօր մեր քաղաքացիներն իրենց իշխանությունը ձևավորել են ազատ, արդար ընտրություններով: Եվ այդ իշխանությունը պետք է առկա խնդիրները լուծի: Մարդիկ ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել: Այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Մեր իշխանության, կառավարության գործունեության արդյունքում են տեղի ունեցել այդ բացահայտումները: Հիմա այն գործողությունները, որոնք արվում են ճանապարհները փակելու հետ կապված, արվում են ուղիղ ընդդեմ կառավարության: Կրկին հուսահատ շեշտադրումներ են ի հայտ գալիս, թե տեսեք կառավարությունը չի կարող ճանապարհները բաց պահել, ոչինչ չի փոխվում և այլն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, ապա դա դեռ չի նշանակում, որ նրան ուղղված մեղադրանքները վերացվել են: Նա վստահեցրեց, որ գործի նախաքննությունը գնալու է մինչև վերջ՝ հասնելով դատական գործընթացին:

«Անկեղծ, ինձ համար էլ տհաճ էր, որ իմացա խափանման միջոցը փոխելու մասին: Բայց հենց դա է խնդիրը, անկախ դատական իշխանություն գոյություն չի ունենում այն ժամանակ, երբ իշխանությունը փորձում է դատական համակարգից իր համար միայն հաճելի լուրեր լսել: Մյուս կողմից ես գտնում եմ, որ պատասխանատվության անխուսափելիությունը շատ կարևոր սկզբունք է և որևէ մեկը չի կարող խուսափել պատասխանատվությունից: Էջմիածնում մի քանի կլաններ են եղել, միշտ իրար դեմ պայքարել են: Իմ տպավորությամբ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այս ֆոնի տակ կլանային հարաբերություններ հաստատել Էջմիածնում: Դա չի անցնելու: Որոշ նախկին կլանային ուժեր փորձում են իրավիճակից օգտվել: Ժողովուրդն իր իշխանությանը ընտրել է, և այդ իշխանության լիազորությունն է ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եթե ուզում են իրավիճակը կաթվածահար անեն, ուրեմն գործում են ուղիղ կառավարության դեմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ քաղաքացիները կարող են իրենց կարծիքը արտահայտել, բայց ոչ իրավիճակը կաթվածահար անել: Նա կոչ արեց այդ ճանապարհով չգնալ:

«Ես ուզում եմ խնդրել, որ փաստաբաններին չընկալեք հանրության թշնամի: Մենք վենդետա չենք ուզում, մենք ուզում ենք արդարադատություն, իսկ դրա ամենակարևոր նախապայմանը անկախ համակարգն է, ինչպես նաև մեղադրյալի պաշտպանության իրավունքը, որ պետք է իրականացվի պաշտպանի միջոցով: Ես վստահեցնում եմ՝ Հայաստանում ոչ մի կոռուպցիոներ չի խուսափելու պատասխանատվությունից»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Առնչվող Հոդվածներ