Հասարակություն

«Նշանակումից հետո տանն ինձ հարցրել է՝ էս սենց պատմություն կա՞, ասել եմ՝ այո». Աննա Հակոբյանը (տեսանյութ):

«Սկսենք Մաշադյան ազգանունով երիտասարդի նշանակումից, որին ես երբևէ չեմ տեսել։ Մաշադյան Ռաֆիկը, արդեն ես գրել եմ, մամուլի խոսնակը տարածել է, թե ինչ բարեկամական կապ ունենք, բայց ես ուզում եմ ուղղակի պատմել հետևյալը։ Ես և ամուսինս ծանոթացել ենք 1995թ., ամուսնացել ենք 1997թ., և պատկերացնում եք, բարեկամական հարաբերություններ, և այլն… Այս 20 տարվա ընթացքում կլիներ ինչ-որ մի միջոցառում գոնե, հարսանիք կամ ինչ-որ թաղում, որտեղ գոնե իմ ամուսինը մեկ անգամ տեսած կլիներ Ռաֆիկ Մաշադյանին։ 21 տարվա մեր համատեղ կյանքի ընթացքում որևէ վայրում իմ ամուսինը և Ռաֆիկ Մաշադյանը միաժամանակ չեն գտնվել, և իմ ամուսինը չի իմացել, որ նա ինձ հետ որևէ կապ ունի, մինչև նշանակումը։ Նշանակումից հետո տանն ինձ հարցրել է՝ էս սենց պատմություն կա՞, ասել եմ՝ այո, և այլն, և այլն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում երեկ հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի այն հարցին, թե ըստ ԶԼՄ-ների՝  ինքը միջամտում է պաշտոնյաների նշանակման հարցերին։

Հիշեցնենք, որ մամուլում գրվել էր, որ Աննա Հակոբյանը և ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը բարեկամներ են, ավելի կոնկրետ՝ նրանց մայրերը մորաքրոջ աղջիկներ են: Ըստ մամուլի հրապարակումների՝ դրանով է պայմանավորված հանգամանքը, որ Մաշադյանը սրընթաց պաշտոնների է հասնում։

Այս ընթացքում մամուլում հրապարակումներ եղան նաև այն մասին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն այս տարիներին համակարգում է տեղավորել իր ամբողջ ազգուտակին։ «Մասնավորապես, աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն։ Եղբոր փեսա Գոռ Ալեքսանյանին մի քանի ամսում դարձրել է վարչության պետի տեղակալ։ ՊԵԿ-ի շարքային աշխատողներն այդ պաշտոնին հասնում են միայն տասնամյակների ընթացքում։ Մաշադյանը, սակայն, այդքանով չի սահմանափակվել։ Արաբկիրի հարկայինում էլ աշխատում է նրա փեսայի քույրը։

Սանիկներից էլ Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է։ Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է։ Ուշագրավ է, սակայն, որ ՊԵԿ համակարգում վերջին կրճատումները, երբ 120-ից ավելի մարդ ազատվեց աշխատանքից, զարմանալիորեն շրջանցել են վերը թվարկված անձանց։ Նրանք անձեռնմխելի են»,- ասված էր մամուլի հրապարակումներից մեկում։

Ինչպե՞ս Ռաֆիկ Մաշադյանը կարողացավ մնալ այդ պաշտոնին թավշյա հեղափոխությունից հետո, այն դեպքում, երբ Փաշինյանի կառավարությունը հեղափոխությունից առաջ և հիմա անընդմեջ կրկնում է, թե պայքարում է կոռուպցիայի, օլիգարխիայի, թալանի, բարեկամ-ծանոթներին աշխատանքի, բարձր պաշտոնների տեղավորելու դեմ։ Ինչո՞ւ է Մաշադյանը նույնիսկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից բարձր պարգևավճարներ ստանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

&

Առնչվող Հոդվածներ