Տնտեսական

Նոյեմբերին սննդամթերքը թանկացել է 2,1%-ով:

Հայաստանի սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում նոյեմբերին հոկտեմբերին համեմատ արձանագրվել է 2,1% գնաճ՝ պայմանավորված, հիմնականում, մրգի եւ բանջարեղենի թանկացմամբ:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 6,4% գնանկում, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ` 18,7% գնաճ:

Մրգի ապրանքախմբում անցած տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2%, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 7,3% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0,1% գնանկում, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0,4% գնաճ: Ընդ որում, ձվի գինը մեկ ամսում աճել է 1%-ով:

Ձկնամթերքն անցած տարվա համեմատ թանկացել է 5,5%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0,1%-ով:

2018թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի՝ 0,3% գնաճ, իսկ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի, շաքարի եւ շաքարավազի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում գների մակարդակը մնացել է անփոփոխ:

Մսամթերքն անցած տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 8,8%-ով, իսկ 2018թ. հոկտեմբերի համեմատ՝ էժանացել 0,2%-ով:

2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի եւ ճարպերի 2,4% գնաճ, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0,2% գնանկում:

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ գրանցվել է 0,4% գնաճ:

2018թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները մնացել են անփոփոխ, իսկ անցած տարվա նոյեմբերի համեմատ՝ աճել համապատասխանաբար 11% եւ 25,6% չափով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ.նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0,2% աճ:

Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2018թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ աճել են 1%-ով, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ` 1,8%-ով:

Առնչվող Հոդվածներ