Պաշտոնական

Նոր ԱԺ-ում ազգային փոքրամասնությունների բոլոր 4 ներկայացուցիչներն էլ «Իմ քայլից» են. նրանցից 2-ը նախկինում ՀՀԿ-ից էին

Նոր Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչներն էլ ներկայացված կլինեն «Իմ քայլը» դաշինքի կազմում: Դա պայմանավորված է նրանով, որ «Իմ քայլը» դաշինքն իր պատգամավորների թվով զգալի մեծ տարբերությամբ առաջ է անցել իր մրցակիցներից:

Մասնավորապես՝ եզդի համայնքը կներկայացնի Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բակոյանը: Ասորի համայնքը կներկայացնի Արսեն Միխայլովը: Քրդական համայնքը կներկայացնի անկուսակցական Կնյազ Հասանովը, իսկ ռուսականը՝ Ալեքսեյ Սանիդկովը:
Հիշեցնենք, որ Կնայզ Հասանովն ու Արսեն Միխայլովը որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ներկայացված էին նաեւ նախորդ ԱԺ-ում, սակայն այն ժամանակ նրանք ՀՀԿ խմբակցությունից էին:

Նախորդ ԱԺ-ում ռուսական համայնքը ներկայացնում էր Տատյանա Միքայելյանը: Նա ներկայացված էր «Ծառուկյան» դաշինքի կազմում:

Նշենք, որ ԸՕ-ի 95-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ պատգամավորների 4 մանդատ բաշխվում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչների միջև` ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրին մեկ մանդատ սկզբունքով: Այդ կերպ ևս 4 մանդատ գումարվում է «Իմ քայլի» մանդատներին, և նրանք կունենան 88 մանդատ:

Նյութի աղբյուր՝ — NEWS.am

Առնչվող Հոդվածներ