Քաղաքականություն

Նոր խորհրդարանը քննադատելու իմաստ չեմ տեսնում, քանի որ նա դեռևս չի սկսել աշխատանքը․ Արեն Մկրտչյան

26-ամյա պատգամավոր Արեն Մկրտչյանինի չի վախեցում այն հանգամանքը, որ իր քաղաքական փորձառությունը շատ չէ։ Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե նոր խորհրդարանը քննադատելու իմաստ չի տեսնում, քանի որ այդ խորհրդարանը դեռևս չի սկսել աշխատանքը։

«Ինչ վերաբերում է փորձառությանը, ասեմ, որ այո, կոռուպցիոն  մեխանիզմներում ներգրավվածության փորձ չունենք, չենք ունենալու, 900 հազար քաղաքացներին աղքատության հասցնելու փորձ չենք ունեցել ու չենք ունենալու, 30 տոկոս գործազրկության փորձ չունենք ու չենք ունենալու, վերջին 10 տարում 364  հազար քաղաքացու արտագաղթի դրդելու փորձ չունենք ու չենք ունենալու։ Ես շեշտը կդնեի խորհրդարան անցած կադրերի մասնագիտական որակավորման վրա, քանի որ բավականին բարձր կրթական ցենզ ունեցող մարդիկ են հայտնվել խորհրդարանում»,- ասաց նա։

Արեն Մկրտչյանն ավարտել է ԵՊՀ Կադաստրային գործ և քարտեզագրություն բաժինը, սակայն հեղափոխությունից հետո զբաղեցրեց վարչապետի օգնականի պաշտոնը՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով։ Նա կարծում է, որ իր այս փորձառությունը կօգնի  օրենսդիրում ավելի լավ աշխատել։ Մկրտչյանը նշեց, որ իրավապահ մարմիններին ներկայացված այլ գործեր էլ կան, որոնք պետք է ընթացք ստանան։

«Այն ոլորտները, որոնց հետ այս ընթացքում առնչություն եմ ունեցել, առնվազն կոռուպցիոն ռիսկ տեսել եմ, այսինքն՝ չի եղել մի ոլորտ, որն ամբողջովին մաքուր էր։ Առանձնացնեմ 2 աղմկահարույց գործ՝ ՊԲ-ի հետ կապված քրեական գործը, որը հարուցվեց ԱԱԾ քննչական դեպարտամենտում։ Տեղյակ եք, որ 10 ընկերությունների մասով 2009-2017 թթ․-ին գումարի առկայության պայմաններում սպառազինություն և տարատեսակ այլ ապրանքներ բանակի կարիքների համար չմատակարարելու համար հարուցվեց քրեական գործ։

10 մլրդի չարաշահում էր, սակայն հիմնավորվեց 7 մլրդ 700 մլնը, որից 6 մլրդն արդեն վերականգնված է, իսկ մնացածը հիմնավորման փուլում է։ 2-րդն է «Վեոլիա ջուր» ընկերության հետ կապված քրեական գործը, որը հարուցվեց ոստիկանության 6-րդ վարչությունում։ Կան 2-3 խոշոր գործեր տարբեր իրավապահ կառույցներին փոխանցված, որոնց մասին հավելյալ կտեղեկացվի, կան նաև 10-ից ավելի տարբեր ուղղություններով հավաքագրված տեղեկություններ, որոնք կուղարկվեն իրավապահ մարմիններին»,- ընդգծեց Մկրտչյանը։

Նորընտիր պատգամավորը շեշտեց, որ 7 ամսում կոռուպցիայի դեմ պայքարով զբաղվելով հասկացել է, որ նաև օրենսդրական բացեր կան, որով էլ նա՝ որպես խորհրդարանական, կզբաղվի։ Նա տեղեկացրեց, որ  արդեն իսկ այս հարցով քննարկումներ կան։

«Արդեն իսկ ծրագիր կա, որը նախաձեռնում ենք իրականացնել, սակայն հարցը համակողմանի քննարկման է դրված։ Նաև իրավապահների հետ համագործակցության ընթացում հասկացանք, որ կան կոնկրետ խնդիրներ, քանի որ խառնիճաղանջ ձևակերպումներով իրավապահների գործը դժվարանում է։ Բայց երբեմն իրավապահների գործունեությունից կարող է տուժել մասնավոր տնտեսվարողի գործունեությունը։

Օրինակ՝ բանկային գաղտնիքի հետ կապված, քանի որ օպերատիվ տեղեկություն ստանալուց հետո չես կարող բանկային շարժին հետևել, ստիպած են կարգավիճակ տալ, քրեական գործ հարուցել, որից հետո նոր կարող ես բանկային շարժին հետևել։ Սրանք խնդիրներ են, փակ շրջան է, որը խնդիր է առաջացնում իրավապահների համար, պետք է օպտիմալ լուծում գտնել, ուսումնասիրել ենք նաև միջազգային փորձը»,- շարունակեց նա։

Հարցին, թե իրեն ԱԺ ո՞ր հանձնաժողովում է պատկերացնում, Մկրտչյանը պատասխանեց, թե այս հարցով քննարկումներ եղել են, որոշակի հստակություն կա, սակայն չշտապեց մանրամասներ ներկայացնել։

«Պատկերացնում եմ պաշտպանության ոլորտում, տարածքային կառավարման ոլորտում, պետաիրավականում, մեծ ծավալի աշխատանք կա։ Նախնական պատկերը կա, թե ով որտեղ կլինի, սակայն վերջնական չէ»,- եզրափակեց Արեն Մկրտչյանը:

 

Հեղինակ Անի Օհանյան

Առնչվող Հոդվածներ