Հասարակություն

«Նվիրելիս պետք է այնպիսի բան ընտրել, ինչը անհրաժեշտ կլինի տվյալ մարդուն…». Ջուս

Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, ևս մեկ առիթ է կանանց հանդեպ հարգանքը, նվիրվածությունը, սերն արտահայտելու, նրանց դերը տարբեր ասպարեզներում կարևորելու գործում: Տոնի կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ստեղծագործող կանանց հետ, որոնք ընդգծում են, որ իգական սեռի ներկայացուցիչներին պետք է հաճոյախոսել և գնահատել ոչ միայն մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, այլև ամբողջ տարվա ընթացքում:

Երգչուհի Սոֆի Մխեյանի խոսքով՝ յուրաքանչյուր կին կարևորում է այս տոնն ու սիրում այն: «Մեզ դուր է գալիս նվերներ հանձնել և նվերներ ստանալ, բայց կարծում եմ, պետք չէ սահմանափակվել միամսյակով կանանց հաճելին մատուցելու համար: Յուրաքանչյուր օր պետք է տոն դարձնել, փորձել ստեղծել տոնական մթնոլորտ հարազատների, մտերիմների համար»,-շեշտեց Մխեյանը:

Թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուզիա Ղամբարյանը նշեց, որ տոնի հետ կապված գեղեցիկ հիշողություններ ունի: «Մանկապարտեզում տոնի առթիվ ստվարաթղթերով փոքրիկ կոմպոզիցիաներ էինք պատրաստում, դպրոցում ծաղկեփնջեր, բանաստեղծություններ, երգեր էինք նվիրում ուսուցիչներին, ուսանողական շրջանում ընկերուհիներով օծանելիքներ կամ այլ փոքրիկ նվերներ էինք միմյանց նվիրում: Ինձ համար մարտի 8-ը ոչ միայն ինձ շնորհավորելու կամ գնահատելու, այլև հենց իմ կողմից այլ կանանց վերաբերմունք ցույց տալու հրաշալի առիթ է:

Միմյանց նվերներ ընտրելու, նվիրելու պահի մեջ այնքան ջերմություն ու բարություն կա: Մեր կյանքի, երբեմն, անիմաստ վազքի մեջ նվեր գնելը մարդկային շփումների համար կարևոր շարժառիթ է»,-ասաց դերասանուհին ու հավելեց, որ առաջին հերթին մտածում եմ, թե ինչ նվիրել մորը, դստերը, ընկերուհիներին:

Նա շեշտեց, որ չի սիրում գումար նվիրել կամ գումար ստանալ, նախընտրում է մտածված գեղեցիկ իր նվիրել՝ չկարևորելով արժեքը:

Ղամբարյանը խոստովանեց, որ մինչ օրս ամենասիրելի նվերը, որը ստացել է մարտի 8-ին իր դստեր՝ Գաբրիելայի պատրաստած բացիկն է:

Երգչուհի Ջուսի կարծիքով` տղամարդիկ կանանց ոչ թե միայն մարտի 8-ին կամ ապրիլի 7-ին պետք է պարտադրված նվերներ մատուցեն, այլ պետք է գնահատեն նրանց ամբողջ տարվա ընթացքում:

Նա շեշտեց, որ չի սիրում ստանալ ծաղիկներ, խաղալիքներ, շոկոլադ, քանի որ ծաղիկը թառամում է, շոկոլադը վերջանում է, իսկ խաղալիքները փոշոտվում են:

«Նվիրելիս պետք է այնպիսի բան ընտրել, ինչը անհրաժեշտ կլինի տվյալ մարդուն, իսկ եթե չեն կողմնորոշվում, թե ինչ նվիրել, կարող են գումար նվիրել. այդ դեպքում կարելի է գնել այն, ինչ ցանկանում ես: Ես անպայման նվիրում եմ այն, ինչ գիտեմ, որ դիմացինիս կուրախացնի ու դուր կգա: Այս տոնին վերաբերվում եմ, ասես, ծննդյան տարեդարձին»,-ասաց Ջուսն ու շեշտեց, որ մարտի 8-ին նախ և առաջ շնորհավորում է իր մորը:

Անժելա Համբարձումյան

168.am

Առնչվող Հոդվածներ