Արտակարգ դեպք/Պատահարներ

Շիրակի մարզում խոզերի զանգվածային անկում է գրանցվել:

Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում հունիսի 2-ից սկսվել ու մինչ այսօր  շարունակվում են խոզերի զանգվածային անկումները: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց գյուղի բնակչուհի Նունե Ղազարյանը՝ նշելով, որ իրենց ընտանիքը մեծ  վնասներ է կրել:

«Համաճարակի նման բան է տարածված գյուղում: Մենք 40 գլուխ խոզ էինք գնել վարկավորմամբ, նորմալ աճում էին, մեկ էլ հանկարծ, մի օրվա ընթացքում, սկսեցին  շատ արագ վատանալ, ախտանշաններ ի հայտ եկան՝ կարմրություն, ջերմության բարձրացում։ Երբ անանսնաբույժը եկավ, ասաց, որ աղիքային ցուպիկ հիվանդությունն է,  ինչ-որ վիրուսային հիվանդություն է ու համաճարակ, որից  միանգամից խոզերը սատկում են: Այն արագ տարածվում է շփման միջոցով: Խոզերը միանգամից՝ մի քանի ժամվա ընթացքում սատկում են»,- ասաց Նունե Ղազարյանը։

Գեղանիստում խոզերի անկումները զանգվածային են, վարակը տարածվել է նաև հարակից գյուղերում: «Գյուղում շատ են անկման դեպքերը. մեկինը 60 հատ է եղել՝ միանգամից սատկել են, մեկինը՝ 30 հատ, մեզ մոտ արդեն 20 հատ սատկել է: Լուրեր կան, որ խոզերի անկումներ են եղել նաև հարակից գյուղերում»,- ասաց Նունե Ղազարյանը։

Առայժմ հայտնի չէ, թե ի՞նչն է խոզերի զանգվածային անկման պատճառը և արդյո՞ք այն վտանգավոր է մարդկանց համար: Ամեն ինչ պարզ կլինի լաբորատոր փորձաքննությունից հետո:

«Չեմ կարող ասել՝ համաճարա՞կ է, թե՞ ոչ, որովհետև հիվանդ խոճկորներին տարել ենք Երևան՝ լաբորատորիա: Դեռ պատասխան չենք ստացել, անցած ուրբաթ օրն ենք ուղարկել։ Բայց մի պահ սատկեցին, հետո կանգնեց: Մի շաբաթ չկար, հետո նորից սկսվեց։ Լաբորատորիայի պատասխանները գալու են 3-4 օրից, որից հետո պարզ կլինի՝ ինչ հիվանդություն է»,- մեզ հետ զրույցում ասաց Գեղանիստ համայնքի ղեկավար Աղասի Ղազարյանը։

Գյուղացիները մեծ վնասներ են կրել, հատկապես՝ նրանք, ովքեր ունեն վարկային պարտավորություններ: Սակայն դեռ հայտնի չէ՝ գյուղացիները փոխհատուցում կստանա՞ն, թե՞ ոչ։

«Մենք 40 գլուխ խոզ գնել էինք վարկավորմամբ, և հիմա խնդրի առաջ ենք կանգնել: Չգիտենք՝ ինչ է լինելու»,- ասաց Նունե Ղազարյանը:

Համայնքապետն էլ նշեց, որ մարզպետարանում տեղյակ են խնդրից: «Մարզպետարանը տեղյակ է խնդրից, գյուղբաժինը տեղյակ է։ Գյուղվարկ վերցնող կար, վարկառուն դիմել է ինձ, հարցը բարձրացրել եմ: Սակայն մարզպետարանում դեռ չի քննարկվել փոխհատուցման հարցը: Գոնե մարդկանց վարկերն ինչ-որ չափով սուբսիդավորեն։ Ներկա պահին դեռ ոչինչ պարզ չէ»,- ասաց Աղասի Ղազարյանը։

factor.am

Առնչվող Հոդվածներ