Ո՞վ էր Անդրանիկ Քոչարյանը հեղափոխությունից առաջ. Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի մութ անցյալը. Մաս 2

«Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել  ՆԳ եւ ԱԱՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի մահվան խորհրդավոր հանգամանքները։  Ինչպես արդեն նշել ենք՝ 1998թ. հունվարի 21-ին կրակել էին նրա ոտքերին, ինչը շատերը կատարվածը համարում էին մահափորձի իմիտացիա եւ ինքնավնասում, իսկ 1999 թվականի փետրվարի 9-ին տարածվեց նրա մահվան լուրը։ Սպանության կասկածանքով կալանավորվեցին Մարգարյանի թիկնապահները, հետագայում ազատ արձակվեցին։

Այն ժամանակ դիտարկելով այդ երկու դեպքերը, ոմանք ու  նախևառաջ՝ «գորշ գայլերը» միանգամից սլաքն ուղղեցին դեպի ղարաբաղյան շրջանակներ և միայն կենդանի վկա և գործող անձ Հրանտ Պապիկյանի հայտնությունն էր, որ լույս սփռեց կատարված մութ իրադարձություններին՝ խառնելով շատերի խաղաքարտերը:

…«Ինչ ես ասում, ինձ խաբու՞մ են, փաստորեն ինձ խաբում են, անընդհատ ասում, թե՝ ղարաբաղցիներն են, Սերժն ա, ինձ ասում են՝ Վազգեն,  հասիր, մեզ խփում են,,՝ լսելով Հրանտ Պապիկյանի պատմածը՝ ներքին զորքերի նախկին հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանության հանգամանքների վերաբերյալ, Վազգեն Սարգսյանը ձեռքը խփել էր սեղանին և հեռախոսազրույց ունեցել Սերժ Սարգսյանի հետ, անհապաղ հանդիպում պահանջել»՝ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը այսպես էր արձագանքել՝ ՆԳ  Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանությունից 2 տարի անց, նրա բժշկի՝ Հրանտ Պապիկյանի հետ հանդիպումից հետո:

 Անդրանիկ Քոչարյանը փորձել էր փակել Հրանտ Պապիկյանի բերանը՝ պաշտոն առաջարկելով

Հրանտ Պապիկյանի հետ հանդիպումից  հետո Վազգեն Սարգսյանը խոսել էր ԱԱ և ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հետ, ապա՝ չնայած ուշ ժամին, գիշերվա 3-ին, նրա հետ  հանդիպում էր ունեցել, ընդ որում, մինչ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը նա իր աշխատասենյակ էր կանչել Անդրանիկ Քոչարյանին և Դավիթ Մաթևոսյանին, որոնք կեսգիշերն անց էլ միասին են եղել՝ ըստ ամենայնի տոնելով ԱԱ և ՆԳ նախարարի պաշտոնում Անդրանիկ Քոչարյանի հնարավոր-մոտալուտ նշանակումը:

Պատկերացրեք, ինչ սառը ցնցուղ պիտի լիներ Անդրանիկ Քոչարյանի համար Պապիկյանի պատմածը պաշտպանության նախարարին, թե՝ 1998 թ. հունվարին և 1999 փետրվարին Արծրուն Մարգարյանի վրա կատարված հարձակումները կեղծ էին և կազմակերպված էին հենց Մարգարյանի կողմից:

Բայց քանի որ Քոչարյանը  նման դեպքերում  շատ արագ կողմնորոշվող էր, իրեն չէր կորցրել, միանգամից փորձել էր փակել Հրանտ Պապիկյանի բերանը՝ նրան առաջարկելով ՊՆ բուժվարչության պետի պաշտոնը:Հրանտ Պապիկյանն այս գայթակղությանը դիմակայել էր՝ մերժելով առաջարկը: Հետաքրքիր է՝ ի՞նչ կլիներ, եթե նա համաձայներ ստանձնել այդ պաշտոնը: Կկարողանա՞ր աշխատել թե  ոչ՝ դժվար է ասել, սակայն իր այդ քայլով հաստատ նպաստած կլիներ Քոչարյանի պլաններին՝ օգնելով, որ վերջինս հասնի իր նպատակին, քանզի այդ դեպքում հնարավորություն կունենար համոզելու Վազգեն Սարգսյանին, որ Պապիկյանի պատմածը հորինվածք է, մտացածին բան՝ բարձր պաշտոն ստանալու համար:

Բնականաբար,  նոր հանգամանքների ի հայտ գալուց հետո    Անդրանիկ Քոչարյանին առաջին հերթին պիտի մտահոգեր այս ողջ պատմության մեջ իր ունեցած իրական դերակատարության բացահայտումը: Մասնավորաբար, թե ինչի համար էր անհրաժեշտ եղել 2-րդ հարձակման իմիտացիայի կազմակերպումը: Բայց մինչ այդ, նախ՝ անդրադառնանք առաջին հարձակմանը, քանի որ դրանք փոխկապակցված են:

Կրակելով սեփական ոտքերին՝ Արծրուն Մարգարյանը փորձել էր խուսափել զորքն ընդդեմ ժողովրդի հանելու հրաման կատարելուց

Հրանտ Պապիկյանի ինքնախոստովանական  ցուցմունքների համաձայն՝1998թ. հունվարի 20-ին նախաձեռնելով կրակել սեփական ոտքերին, Արծրուն Մարգարյանը  փորձել է խուսափել ավելի մեծ չարիք գործելուց, այն է՝ զորքն ընդդեմ ժողովրդի հանելու հրամանի կատարումից: Իհարկե, Արծրուն Մարգարյանն այսօր ողջ չէ, որ այսպես ասած՝ առաջին ձեռքից հնարավոր լինի պարզել նրա քայլերի բուն նպատակը: Բայց Պապիկյանի ներկայացրած բացատրությունը հավաստի է թվում այնքանով, որ ոչ ոք առայսօր չի հերքել այն տեղեկությունը, որ 1998 թ. հունվարի 20-ին. օրվա 2-րդ կեսին, ՀՀ նախագահի / իմա՝ Լևոն Տեր -Պետրոսյանի/  և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության վարչության պետ՝ Ռոմեն Ղազարյանը /նույն ինքը՝ գեներալ Բուդո/ Արծրուն Մարգարյանին հրավիրել է իր մոտ և ներկայացնելով հանրապետության լարված ներքաղաքական իրավիճակը, զգուշացրել, որ հակամարտության սրման դեպքում կողմերը կարող են փոխզիջման չգնալ և հնարավոր է ընդհարում:

Մասնավորաբար, դարձյալ ըստ Պապիկյանի ցուցմունքի,  նախատեսվում էր կրկնել 1994 թվականի դեկտեմբերի 28-ի սցենարը, և եթե Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Սամվել Բաբայանը Անվտանգության խորհրդի նիստում չհամաձայնեին ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակին և պահանջեին Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ապա սկսվելու էր ղարաբաղցիների համատարած ձերբակալություններ: Առավել ևս, որ Սամվել Բաբայանը նույնպես այդ օրերին գտնվում էր Երևանում:

Իսկ Վազգեն Սարգսյանի ցասումը մեղմելու համար դարձյալ շահարկվելու էր հայաստանցի-ղարաբաղցի գործոնը, այն մտայնությամբ, թե՝ ղարաբաղցիները Երևանում զբաղված են ահաբեկչություններ կազմակերպելով: Սակայն Անվտանգության խորհրդի նիստում Տեր-Պետրոսյանը պարտվել է և նախատեսված սցենարը չի գործել:

Ամբողջական հոդվածն այստեղ

Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2019/10/12/Ո՞վ-էր-Անդրանիկ-Քոչարյանը-հեղափոխությունից-առաջ-Նիկոլ-Փաշինյանի-քաղաքական-հենարանի-մութ-անցյալը-Մաս-2/896938

Նմանատիպ գրառումներ