Հասարակություն

Ո՞ր քաղաքացիները կարող են օգտվել հիփոթեքով բնակարանի ձեռքբերման ծրագրերից․ հայտնում է ԱՍՀ նախարարությունը

Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրի» շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«03.02.2021թ․ դրությամբ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ստացել է 619 դիմում, որից 514-ի վճարումն արդեն իրականացվել է։

514 դիմումից 90-ը բավարարվել է՝ մարզային բնակավայրերում հիփոթեքով բնակարանի ձեռքբերման, 67-ը՝ հիփոթեքով գնված բնակարանի կանխավճարի ապահովագրության, իսկ 357-ը՝ երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային բնակարանի ձեռքբերման ծրագրի շրջանակում։

Հիշեցնենք, որ հիփոթեքով բնակարանի ձեռքբերման առաջին ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիներն, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխա, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին, և գումարն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։

Երկրորդ ծրագրին կարող է դիմել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Այս դեպքում պետությունը փոխհատուցում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարները։

Երրորդ ծրագրի շրջանակում պետության կողմից միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում այն ընտանիքներին, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ, և ընտանիքում ծնվել է երեխա 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Վերոնշյալ երեք ծրագրով աջակցություն ստանալու համար քաղաքացին պետք է դիմի հիփոթեքային վարկի ձեռքբերման մասին պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ արդեն գործող վարկերի դեպքում, կամ այն վարկային կազմակերպությանը կամ բանկին, որի միջոցով նախատեսում է հիփոթեքային վարկով անշարժ գույք ձեռք բերել»,- ասված է հայտարարության մեջ:

Առնչվող Հոդվածներ