Հասարակություն

Ոնց եք պատկերացնում, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը մնա վարչապետ. Վիտալի Բալասանյան

Այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, խոսելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի և այն մասին, որ նրան մեղադրում են Սահմանադրական կարգի տապալման մեջ, ասաց, որ այդ հոդվածը մի քիչ ծիծաղելի է. «Ինչպե՞ս եք դա պատկերացնում: Ո՞նց եք պատկերացնում, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը մնա վարչապետ: Ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգ տապալել, ծիծաղելի է: Սահմանադրական կարգը տապալում է այն ուժը, որն իշխանություն չէ: Իշխանության ինչին է պետք տապալել սահմանադրական կարգը»:

Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերին բանակի մասնակցությանը, Բալասանյանը նշեց, որ նման բան չի եղել, իսկ 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի. «Ցանկացած երկրում կգնան դրան: Զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին: Դուք զորք տեսե՞լ եք այն ժամանակ, որ կրակում էին»:

Ինչ վերաբերում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանը սպանվել է արտակարգ դրություն մտցնելու արդյունքում, Բալասանյանն ասաց, որ ամոթ է. «Չի կարելի նման բաներ ասել: Վերջին ժամանակներս մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին գցում են տարբեր իրավիճակների մեջ քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Չի կարելի, ամոթ է: Նրանք, ովքեր սխալ ինֆորմացիա են տալիս, շատ փիս վիճակի մեջ են հայտնվելու»:

Հարցին, թե կարելի է արդյո՞ք ծիծաղելի համարել նաև Քոչարյանին կալանավորելն ու մյուս մեղադրանքները, Բալասանյանը հեգնանքով ասաց, որ կարելի է բոլորին կալանավորել, հետո ՀՔԾ-ն կորոշի, թե ով է մեղավոր, ով՝ ոչ. «Կալանքն ի՞նչ կապ ունի քրեական գործ հարուցելու հետ»:

Մարտի 1-ի տաս զոհերի մեղավորին, Բալասանյանի կարծիքով, պետք է որոշի դատարանը, իսկ քանի դեռ չկա վճիռ, ինքը որևէ մեկին չի կարող մեղադրել:

Առնչվող Հոդվածներ