Քաղաքականություն

Ոչ համատիրությունը, ոչ լիազորը այդ տեղեկանքի համար իրավունք չունեն ձեզանից գումար կորզել․ ավագանու անդամ


Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը իրազեկում է, որ պետք է հիշել՝ որևէ մեկը իրավունք չունի ձեզանից գումար վերցնել բնակության մասին տեղեկանք տալու համար:

«Այսօր շնորհիվ ահազանգի պարզել ենք, որ լիազորներից մեկը ինքնագլուխ բիզնեսի ձև էր գտել ու 1000 դրամ ուզել քաղաքացուց, որ փաստացի բնակության մասին տեղեկանք տա:

Բացատրեմ նաև ով է լիազորը: Եթե բազմաբնակարանային շենքերի համար նման տեղեկանք տալիս է համատիրությունը, ապա մասնավոր սեկտորի դեպքում համատիրություն չկա, կան հնից մնացած լիազորներ:

Ոչ համատիրությունը, ոչ լիազորը այդ տեղեկանքի համար իրավունք չունեն ձեզանից գումար կորզել:
Նշեմ նաև, որ նրանցից ոչ մեկը չի հանդիսանում համայնքային աշխատող, որը կլիներ քաղաքապետարանի ենթակայության տակ:
Ուստի, առավել զարհուրելի է, երբ դա անում են՝ ներկայանակով իբրև վարչական շրջանի աշխատող:

Տվյալ անձի արարքի հանդեպ միջոցներ են ձեռնարկվում: Բայց ցանկացած քաղաքացի կարող է անմիջապես զանգահարել ոստիկանություն:
Շնորհակալություն եմ հայտնում քաղաքացիներին, որոնք տեղեկացնում են նման դեպքերի վերաբերյալ, ոչ թե նեղվելով վճարում»,-նշում է ավագանու անդամը։

Առնչվող Հոդվածներ