Քաղաքականություն

Ովքե՞ր են ընտրապայքար մտած քաղաքական ուժերի առաջին դեմքերը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները: Այսպիսով, թեկնածուների գրանցումն ավարտված է, և խորհրդարանական մանդատների համար կպայքարեն քաղաքական 11 ուժեր: Ովքե՞ր են այդ ուժերի առաջին դեմքերը:

Քվեաթերթիկներում կուսակցությունների և դաշինքների համարները որոշվել են ոչ թե ըստ այբբենական կարգի, այլ վիճակահանությամբ: Ճիշտ նույն այդ հերթականությամբ էլ ներկայացնենք  քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թիվն ու առաջին դեմքերին:

Քվեաթերթիկում առաջինը ՀՀԿ-ն է: Համամասնական ցուցակով առաջադրված է 127 թեկնածու: Առաջին տասնյակում երկու կին կա, 2 թեկնածու էլ ունի մարզային հաշվառում, մյուսները Երևանից են: Ցուցակը գլխավորում է Վիգեն Սարգսյանը:

Կուսակցության առաջին փոխնախագահն է: Նախկինում եղել է հանրապետության նախագահի խորհրդական, աշխատակազմի ղեկավար, պաշտպանության նախարար: Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցը ավարտելով՝ ստացել է  Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչում: Հանրապետականների ցուցակի առաջին համարը 43 տարեկան է:

Երկրորդը քվեաթերթիկում «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է: Համամասնական ցուցակով առաջադրել է 81 թեկնածու: Առաջին տասնյակում 2 կին է ու երկու ներկայացուցիչ մարզերից:

Նորաստեղծ քաղաքական ուժի առաջին համարը Սուրեն Սահակյանն է: Տնտեսագետ է, 38 տարեկան: «Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամ էր, ներկայումս էլ այն գաղափարի կողմնակիցն է, որ գործարարը չպետք է ունենա խորհրդարան գալու մոտիվացիա:

Ընտրապայքարի ներգրավվող երրորդ քաղաքական ուժը ՀՅԴ-ն է: Կուսակցության համամասնական ցուցակում 152 անուն է: Առաջին տասնյակում 4-ը մարզերից են, 2-ն էլ իգական սեռի ներկայացուցիչ: Գլխավորում է ցուցակը Արմեն Ռուստամյանը:

58 տարեկան է, մասնագիտությամբ ֆիզիկոս: ԱԺ-ի ամենաստաժավոր պատգամավորներից է: Ընտրվել է 4 անգամ, իսկ վերջին 6 տարիներին գլխավորել է նաև ՀՅԴ խմբակցությունը:

Չորրորդը քվեաթերթիկում կլինի «Իմ քայլը» դաշինքը:  Համամասնական ցուցակում 183 անուն է: Առաջին տասնյակում 3 կին կա, 8 թեկնածուներ ներկայացնում են Երևանը: Ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:

43 տարեկան է, մասնագիտությամբ լրագրող է: Լրագրողական գործունեությամբ զբաղվել է 1990-ականների սկզբից:  2007-ին նախաձեռնել է «Իմպիչմենտ» շարժումը:  «Ելք» դաշինքի համահիմնադիրներից է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրն է: 2008-ի մարտի մեկից հետո  անցել է ընդհատակյա գործունեության, իսկ 2009 թվականի հուլիսի 1-ին ձերբակալվել և կալանավայրում անցկացրել է երկու տարի: 2018 թվականին սկսել  է «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը կարճ ժամանակահատվածում վերածվեց Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման։ Շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությամբ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ 16-րդ վարչապետը:

Հինգերորդ ուժը մանդատների համար պայքարող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է: Ցուցակը 157 անունից է բաղկացած: Առաջին տասնյակում 3-ը մարզերից են, ցուցակում 3 կին կա:  Այն գլխավորում է Էդմոն Մարուքյանը:

Ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան: Մասնագիտությամբ փաստաբան է, փաստաբանների պալատի անդամ է, 37 տարեկան: Վերջին երկու գումարումների պատգամավոր է, 2012-ին ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, նույն տարի դարձել  է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ:

Վեցերորդը քվեաթերթիկում կլինի «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը: Համամասնական  ցուցակում 85 անուն կա: Առաջին տասնյակում երկուսը մարզերից են, ցուցակում 2 կին կա: Այն գլխավորում է քաղաքագիտության դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանը:

Քաղաքական ուժերի առաջին դեմքերից Լևոն Շիրինյանը ամենատարեցն է: 65-ամյա քաղաքագետն արմատներով Ջավախքից է:

Ցուցակում 7-րդը ևս մի նորաստեղծ քաղաքական ուժ է: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը համամասնական ցուցակով ներկայացրել է 84 թեկնածուի անուն: Առաջին տասնյակում 4-ը մարզերից են, ցուցակում 4 կին թեկնածու կա:  Այն գլխավորում է Լուսինե Հարոյանը։

Լուսինե Հարոյանը 49 տարեկան է, մասնագիտությամբ սոցիոլոգ: Հայտնի գործիչներ այս կուսակցությունում չկան, ինչն էլ  Լուսինե Հարոյանը իրենց ամենամեծ առավելությունն է համարում:

«Մենք» կուսակցությունների դաշինքը կունենա 8-րդ համարը: Համամասնական ցուցակում 134 անուն է: Առաջին տասնյակում  երկուսն են մարզերից, ցուցակում 3 կին կա: Այն գլխավորում է Արամ Սարգսյանը:

«Հանրապետություն» կուսակցության հիմնադիրը 57 տարեկան է: 1999-2000 թվականներին եղել է ՀՀ վարչապետը, 3-րդ և 6-րդ գումարման ԱԺ-ների պատգամավոր: 2012-ին էլ ընտրվել է ՀԱԿ համամասնական ընտրացուցակով, սակայն հրաժարվել է մանդատից։

9-րդը քվեաթերթիկում «Օրինաց երկիր» կուսակցությունն է: Համամասնական ցուցակում 132 թեկնածու է: Առաջին տասնյակում այստեղ մարզերից են ավելի շատ անուններ՝ 6-ը 4-ի դիմաց: Կանայք էլ առաջին տասնյակում երեքն են: Գլխավորում է ցուցակը Արթուր Բաղդասարյանը:

50 տարեկան է,  իրավագիտության դոկտոր: Նախագահել է  3-րդ գումարման  ԱԺ-ում, 6 տարի էլ եղել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 2018-ին վերընտրվել է «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ընտրապայքար կմտնի 10-ը համարի ներքո: Համամասնական ցուցակում 174 անուն կա: Առաջին տասնյակում 4-ը մարզերից են, 2-ը՝ կին: Առաջինը ցուցակում Վարուժան Ավետիսյանն է, 48 տարեկան է:

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հիմնադրած շարժման անդամներից է: ՀՀ Զինված ուժերի պահեստազորի գնդապետը «Հիմնադիր խորհրդարան» շարժման փոխնախագահն է, 2016 թվականի «Սասնա ծռեր» խմբավորման կազմում մասնակցել է ՊՊԾ գնդի գրավման գործողություններին:

Վերջինը՝ թվով 11-րդը, քվեաթերթիկում կնշվի ԲՀԿ-ի անունը: Համամասնական ցուցակում 176 անուն է: Առաջին տասնյակում երկու կին կա, մարզերից էլ 3 անուն: Գլխավորում է ցուցակը Գագիկ Ծառուկյանը:

Հայտնի գործարար, մեծահարուստ քաղաքական գործիչը նաև այս քաղաքական ուժի հիմնադիրն է: ԱԺ պատգամավոր է 2003 թվականից: 2015 թ․-ին, սակայն, ժամանակավորապես հեռացավ քաղաքականությունից: Ծառուկյանը նաև ՀԱՕԿ-ի նախագահն է: Ի դեպ, 1996 թվականին նա հռչակվել է բազկամարտի աշխարհի չեմպիոն:

Առնչվող Հոդվածներ